Քաղաքական աջաբսանդալ թե՞ շերեփի կռիվ.Լուսանկարներ


Քաղաքական աջաբսանդալ թե՞ շերեփի կռիվ.Լուսանկարներ

  • 18-09-2018 17:20:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Քաղաքական կաթսան Հայաստանում ամեն օր է եռ գալիս: Կաթսայի կափարիչը ոչնչով և ոչ մի կերպ փակել չի լինում: Բաց թողնելու դեպքում էլ գոլորշիանալու, ասել է թե՝ ստահոդ լուրերով մարդկանց ուղեղները լվանալու վտանգ կա: Քննարկվող թեմաները շատ են, իսկ ժողովուրդը՝ հետաքրքրված: Արթնանում ես թե չէ՝ շերեփն առնում ես ձեռքդ ու հենց դու ես փորձում ի՞նչ եփել այսօր քաղաքական օրակարգ դարձած հարցին պատասխանել: Հմուտ խոհարարի և քաղաքական հռետորի կեցվածքով սոխը մանր-մանր կտրատում ես, վրան ավելացնում մի փուխր լոլիկ և կանչում հարևանին պարզելու համար՝ ԱԱԾ-ն այսօր ու՞մ բռնեց:
 
  Թավշյա հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում քաղաքական կրքերը քաղաքական արենան թավիշով պատելու միտում դեռ չունեն: Կարծիքները տարբեր են, հակադիր բևեռներից և նույնիսկ խիստ հակասական: 
  Քաղաքական օրակարգը դարձել է հասարակության թիվ մեկ թեման՝ խոսելու, սեփական կարծիքը դիմացինի պարանոցին հնարավորինս ամուր փաթաթելու և վերջում խոհարարական գլուխգործոց՝ աջաբսանդալ սարքելու:
  Դիպլոմավորված խոհարարները՝ քաղաքագետները, Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների մասին տասձվանի տորթ թխելու զգուշավորությամբ են մոտենում ու խոսում. տորթը կարող է բարձրանալ, կարող է այդպես էլ մնալ կաթսային կպած:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը թավշյա հեղափոխությունը դարակազմիկ երևույթ է համարում հայերիս համար: Հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են, ովքեր իրականացրին խաղաղ, անարյուն և նույնիսկ աշխարհի համար անսպասելի հեղափոխության նման օրինակ: Նավասարդյանը հեղափոխության հենց առաջին օրից ողջունել է այն՝ համարելով, որ ներքին հեղափոխությունը արտաքին քաղաքական դաշտում բոլորովին նոր էջ կարող է բացել մեզ համար: Դեսպանը միայն մի մտավախություն ունի. Ժողովրդի շարքերում էյֆորիան անասելի թափով է զարգանում: Նրա կարծիքով պատմության դասերը վերհիշելու կարիք կա, մի պարզ պատճառով՝ հեղափախությունը խաղաղ տարրից բացի ունի նաև հակահեղափոխական սեգմենտ: 
Նոր Հայաստանի ներքին մարտահրավերներից նա պարզորոշ մատնանշեց 5-րդ շարասյուն կոչվածին լրջագույնս մոտենալու և նրանց դեմ համապատասխան պատժամիջոցներով հանդես գալու հարցը: Արտաքին քաղաքական տիրույթում, ըստ բանախոսի, մեզ համար թիվ մեկ մտահոգության հարցը պետք է լինի Նախիջևանը: Աչքներս բաց և արթուն մտքով պիտի հետևենք նաև Ադրբեջանի քայլերին:
Մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը, կարծում է, որ մենք գնում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետքերով. այնտեղ ինֆորմացիայի սխալ արտահոսք կա: Արման Նավասարդյանը թեմայի կարճառոտ բանաձևումը հետևյալ կերպ տվեց. թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով չեն անում:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ժողովրդի շարքերում քաղաքական ոչ օրգանիկ սնունդ ուտելու մոլուցքը բացատրեց նրանով, որ սենսացիոն բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին: Բանախոսի կարծիքով ձեռք բերված Նոր Հայաստանը մենք ամուր պիտի պահենք. մենք չենք կարող գնալ ո'չ Ուկրաինայի և ո'չ էլ Վրաստանի ուղիով: Այդ պետությունները որոշակի տարածքներ կորցրին, իսկ մենք կարող ենք ո'չ ավել, ո'չ պակաս մեր պետականությունը կորցնել: Քաղաքագետը չկիսեց Արման Նավասարդյանի այն կարծիքը, ըստ որի՝ մեր մասին Ռուսաստանում ինֆորմացիայի թյուրըմբռնում կա: Երվանդ Բոզոյանի կարծիքով այնտեղ անգամ վախի մթնոլորտ կա հեղափոխության շղթայական տարածման ասպեկտում: Хотим, как в Армении լոզունգը նրանց հանգիստ չի տալիս: Բանախոսը առանձնացրեց մեր տեղն ու դերը հասկանալու հարցը, այլապես 1915 թվականի հարվածից ոչ պակաս հարված կստանանք:
Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը արտաքին քաղաքականությունը համարեց ներքին քաղաքականության շարունակություն: Նրա կարծիքով ներքաղաքական լարվածության թոթափումը կօգնի նաև արտաքին քաղաքական դաշտում: Իսկ ահա երկիրը սևերի և սպիտակների բաժանելը մեզ լավ բանի չի բերի: 
Վերջում բանախոսները նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները թեմայով ճաշատեսակի պատրաստման համառոտակի բանաձևումը տվեցին:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը առաջնային համարեց արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու հարցը: Բերելով Ավստրալիայի օրինակ՝ նա մատնանշեց նաև, որ զարգացած երկրներում ժողովուրդն այսքան շատ քաղաքականությամբ չի զբաղվում:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն առաջարկեց քաղաքականապես հասունանալ՝ գիրք կարդալ՝ <Դեմոկրատիան Ամերիկայում>:
Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանն էլ բաղադրատոմսի վերնագրում նշեց՝ նոր Հայաստանում անհարկի շտապողականություն է ցուցաբերվում:
Կարծիքները մեկտեղելուց և Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների բաղրադրատոմսը գրելուց հետո շերեփս դնում եմ ցած ու գազօջախն անջատում: 
 
Yerevaklur.am
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play