Նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ

18-09-2018 17:36:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին:
 
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վի­րաբյանի ուղեկցությամբ նախագահը շրջայցն սկսել է քաղաքացիների ընդունելության սրահից, այնուհետեւ փաստաթղթերի վերա­կանգն­ման բաժին-լաբորատորիայում ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծման եւ արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին:
 
Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքներն սկսվել են 2004 թվականից, ամեն տարի 250000 էջ թղթե եւ 1500 պ.մ. կինո, ֆոտո, ֆոնո փաս­տաթուղթ է թվայնացվում: Առաջին հերթին թվայնացվում են հազվագյուտ եւ եզակի փաստաթղթերը:
 
Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում նախագահը ծանոթացել է արխիվում պահվող հազվագյուտ փաստաթղթերին, մասնավորապես՝ 1607 թ. Շահ Աբասի կողմից Քաշաթաղի հայ մելիքներին հողային արտոնություններ տրամադրելու փաստաթղթին, 1830-1831թթ. Ղարաբաղի (Լեռնային եւ Դաշտային) մարդահամարի արդյունքներին եւ այլն: Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ ընթերցասրահ, զրուցել գիտական հետազոտություններ կա­տարող ընթերցողների հետ, եղել է հին եւ նոր պահոցներում:
 
 Պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահը նշել է, որ երկրների համար արխիվը զուտ փաստաթղթերի շտեմարան չէ. «Յուրաքանչյուր փաստաթղթի ետեւում կենդանի մարդիկ են, իրադարձություններ, պատմություն: Եթե այս փաստաթղթերը չլինեն, մենք չենք կարողանալու վերականգնել այն, ինչ իրականում եղել է: Փաստաթղթերը միայն զուտ պատմական նշանակություն չունեն. պատմությունը միայն փաստ չէ, իրադարձության արձանագրում չէ, պատմությունը նաեւ մեր անցյալն է, մասն է մեր ինքնության, եւ եթե ուզում ենք կառուցել մեր ապագան, անպայման պետք է իմանանք մեր անցյալը, անպայման պետք է գիտակցենք՝ ով ենք մենք: Պատմությունը եւ արխիվն այն ինստիտուտներից են, որոնք հնարավորություն են տալիս ձեւակերպել, թե ովքեր ենք մենք ոչ թե զգացական ձեւով, այլ էապես: Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար»: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 408 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար