ՀՀ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի օրակարգին և ԱՀԿ նպատակներին. Արսեն Թորոսյանի ելույթն ԱՀԿ 68-րդ նստաշրջանին


ՀՀ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի օրակարգին և ԱՀԿ նպատակներին. Արսեն Թորոսյանի ելույթն ԱՀԿ 68-րդ նստաշրջանին

  • 18-09-2018 18:12:42   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ՄԱԿ-ի մինչև 2030 թվականը  նախանշված օրակարգին և 2015-ի սեպտեմբերին ամրագրված կայուն զարգացման նպատակներին: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին: 
 
Թորոսյանը փոխանցել է, որ 2016-ին ՀՀ կառավարությունը սկիզբ է դրել այդ օրակարգի ազգայնացման գործընթացին` դրանով սահմանված նպատակներն ազգային ռազմավարության շրջանակներում ներառելու և  ստեղծելու առաջընթացի գնահատման և հաշվետվության համակարգ: 2017թ. վերանայվել է Հայաստանի զարգացման ազգային ռազմավարությունը` նախատեսված իրականացնելու մինչև 2030 թվականը:  
 
Արսեն Թորոսյանը խոսել է վերջին տասնամյակում առողջապահական համակարգում Հայաստանի ունեցած հաջողություններից, մարտահրավերներից ու անհրաժեշտ քայլերից, ընդգծել դրանց ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման կարևորությունը:
 
Նախարարի ելույթը ներկայացնում ենք ստորև.
 
«Առողջությունն ու բարեկեցությունը մեր օրակարգի առանցքում են, և մենք կարող ենք ներկայացնել այս ընթացքում արձանագրված առաջընթացը. 
 
Մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշերը նվազում են, սակայն մայրական մահացությունը դեռ շարունակում է ԵՄ միջին ցուցանիշից բարձր մնալ: Թիրախային բնակչության առնվազն 91 տոկոսն այժմ ընդգրկված է պատվաստումների ազգային ծրագրում: 
 
ՄԻԱՎ վարակակիր բոլոր գրանցված մարդիկ այժմ օգտվում են հակառետրովիրուսային դեղամիջոցներից: 2016թ. Հայաստանը դարձել է աշխարհում առաջին չորս երկրներից մեկը` բացառելով ՄԻԱՎ վարակի փոխանցումը մորից մանկանը: 
 
Տուբերկուլոզով հիվանդացության դեպքերը վերջին տասնամյակում նվազել են,  2016թ.-ին ամեն 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է 27 հիվանդ:
 
Երկիրը մշակել է ազգային ռազմավարություն` նվազեցնելու քրոնիկ հեպատիտ Բ-ից և Ց-ից մահացությունն ու հիվանդացությունը: Սակայն վիրուսային հեպատիտների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակումն ու իրականացումը շարունակում է մնալ համակարգի կարևոր հարցերից մեկը: 
 
Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը 80 տոկոս է. դրանց շարքում ամենատարածվածը` շուրջ 48%, կազմում են սրտանոթային հիվանդությունները, հաջորդում են քաղցկեղը (20.5%), դիաբետը (4.2%), վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառներ (4.5%), քրոնիկ թոքային հիվանդություններ, այդ թվում` բրոնխիտ, ասթմա, այլ քրոնիկ թոքային և բրոնխային հիվանդություններ (4%):
 
Ռիսկի գործոնները նպաստում են ոչ վարակիչ հիվանդությունների աճին: Օրինակ, ծխախոտի օգտագործման ցուցանիշը բարձր է Հայաստանում. տղամարդկանց ավելի քան 61 և կանանց ավելի քան 1.2%-ը ծխող են:  Հայաստանը վավերացրել է ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ ԱՀԿ շրջանակային կոնվենցիան: Այնուամենայնիվ, շատ միջոցներ դեռևս չեն կիրառվում: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայում աշխատում է ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի նախագծի վրա, որով ծխելու համար թույլատրելի տարածքները կսահմանափակվեն: 
 
Կայուն զարգացման օրակարգի մեր գերակայությունները հստակ են. մենք պետք է կենտրոնանանք հետևյալի վրա` 
Հիվանդությունների կանխարգելման հզորացում վաղ ախտորոշման և բուժման միջոցով` հատուկ ուշադրություն դարձնելով ոչ վարակիչ հիվանդություններին,
 
Առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացում` ներառյալ աղքատ բնակչության համար մատչելիության ապահովում, դեղորայքի և բժշկական տեխնոլոգիաների երաշխավորված հասանելիություն, պացիենտի անհատական կարիքների վրա հիմնված երկարաժամկետ խնամքի ապահովում,
 
Առողջապահական ծառայությունների առավել լավ չափորոշիչների մշակում և ներդրում,
 
Խոցելի խմբերին մասնագիտացված ստացիոնար բուժօգնության ապահովում, մայրական և մանկական առավել բարելավված խնամք, առավել մեծ ուշադրություն` վերարտադրողական և դեռահասների առողջությանը,
 
Բժշկական հաստատությունների կարողությունների և մասնագիտական ներուժի զարգացում, 
 
Առողջապահական ապահովագրության ներդրում` երկրում ընդհանուր առողջապահական համակարգի ֆինանսական կայունության բարձրացման նպատակով: 
 
Մենք չենք կարող դա անել միայնակ: Ակնկալում ենք գործակցել բոլոր ոլորտներում, ներառյալ`
Ռեսուրսների վերաբաշխում և դրանց արդյունավետ օգտագործման ապահովում ծառայությունների մատուցման մակարդակում,
Պետական հարկերի և եկամուտների հավաքագրում,
Ճիշտ պլանավորում և ֆինանսական կառավարում,
Հակակոռուպցիոն միջոցառումներ, 
Համընդհանուր սոցիալական պաշտպանություն:
 
Ամփոփելով` թույլ տվեք փոխանցել մեր երախտագիտությունը ԱՀԿ աջակցության համար: Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզում, 
մասնավորապես, ընդգծվում է առողջության առաջնային պահպանման ուժեղացման կարիքը: Շարունակական, համապարփակ, համակարգակենտրոն և անձնակենտրոն,  անվտանգ, արդյունավետ  առաջնային բուժօգնության համակարգ` ֆինանսական պաշտպանության համընդհանուր ծածկույթով. թերևս սա է «ոսկե» ուղին` հասնելու կայուն զարգացման նպատակներին և առողջապահությանը` բոլորի համար»: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play