ԱՀԿ և ԱՄն մասնագետները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը


ԱՀԿ և ԱՄն մասնագետները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը

  • 18-09-2018 18:22:20   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստումների ներդրման  գործընթացը սեպտեմբերի 10-17-ի դրությամբ: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ մասնագետների, փորձագետների և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ: 
 
Ըստ այդմ` մինչ այժմ պատվաստման միջին հանրապետական ցուցանիշը կազմել է 4.8 տոկոս, ըստ առանձին մարզերի` 2-9 տոկոս: Այս ընթացքում պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել, ինչը բարձրացրել է պատվաստման հանդեպ վստահությունը: 
 
Ըստ փորձագետների գնահատման`  երկրում գործող իմունականխարգելման ծրագիրը լիարժեք է, իսկ ՄՊՊ պատվաստումների ներդրման գործընթացն իրականացվել է` ներառելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Միաժամանակ գնահատման ընթացքում պարզվել է, որ ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը  շատ ցածր է` պայմանավորված նախապատվաստումային ժամանակահատվածում արդեն իսկ ձևավորված հակապատվաստումային կամպանիայի ակտիվ գործունեությամբ: 
 
Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումային  գործընթացի  բարելավման  նպատակով փորձագետներն առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես,  
հասարակության շրջանում ՄՊՊ պատվաստանյութի  արդյունավետության և  արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման  գործընթացի բարելավման նպատակով ընդգրկել  բոլոր հնարավոր շահագրգիռ կառույցներին, ՄՊՊ-ին առնչվող տեղեկատվությունը տրամադրել` ելնելով գիտական և ապացուցողական բժշկության տեսանկյունից, ինչպես նաև ակտիվացնել «Իմունականխարգելման հարցերով հանրապետական փորձագիտական հանձնաժողով»-ի կողմից ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշի բարձրացման  ուղղությամբ միջոցառումները:  
 
Պատվաստումը ներդրած երկրների հաջող փորձի ներկայացումն իր հերթին է վստահության ամրացման հիմք հանդիսանում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն