Տեսնել է պետք, թե այլասերվածներից և նրանց «իրավունքների» պաշտպաններից ոմանք ինչպես են ուրախացել…


Տեսնել է պետք, թե այլասերվածներից և նրանց «իրավունքների» պաշտպաններից ոմանք ինչպես են ուրախացել…

  • 18-09-2018 21:42:51   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Ի՞նչ պատասխան են տալու ՀՀ քննչական կոմիտեն և ոստիկանությունը, եթե պարզվի, որ հայտնի խոսակցության գաղտնալսումը Նահապետյանը և Այվազյանը չեն կատարել:
Ինչպես արդեն հայտնի է «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության երեկ տարածած հայտարարությունից, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 17-ին, ժամը 9:35-ին խուզարկություն է կատարվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում:
Նախաձեռնության հայտարարության մեջ նշված է նաև, որ «Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաև հիշյալ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում:
Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ հայտնի գաղտնալսումը հնարավոր է կատարվել է ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ և ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ կողմից»:
Ստացվում է, որ մեր երկրում դատարանները և իրավապահները ենթադրությամբ կարող են իշխանության մաս չկազմող ցանկացած մեկի իրավունքները խախտել, օրինական շահերը ոտնահարել՝ նրա աշխատավայրն ու բնակարանը խուզարկելով, աշխատանքի համար անհրաժեշտ գույքը (տվյալ պարագայում՝ համակարգիչները,  հիշողության կրիչները, բջջային հեռախոսները) առգրավելով և անորոշ ժամանակով տանելով: 
Իրավապահները խուզարկության ժամանակ փնտրել են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում իրականացնելու և դրանք ձայնագրելու տեխնիկական հնարավորություն ունեցող սարքեր, դրանց համալրող սարքավորումներ, էլեկտրոնային սարքավորումներ: Իրավապահներն այդ առումով, իհարկե՛, ոչինչ էլ չեն գտել, այսինքն` չեն եղել էլեկտրոնային ինչ-որ հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտային ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի միջև բջջային հեռախոսով տեղի ունեցած խոսակցության ընթացքում որսալ համապատասխան հաճախային տիրույթում սփռվող ռադիոալիքները: ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները փնտրել են նաև հիշողության սարքեր և կրիչներ, համակարգիչներ և ծրագրային ապահովումներ, որոնցում կարող էին տեղեկություններ պահպանվել իրականացված գաղտնալսման և ձայնագրման մասին: Նախաձեռնության հայտարարության համաձայն, «Առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ»: 
Անհասկանալի է հիշյալ անձանց անձնական բջջային հեռախոսներն առգրավելու հանգամանքը` առավել ևս այն դեպքում, երբ նրանց հեռախոսային քարտերը հենց տեղում վերադարձրել են: Ե՛վ ՀՀ քննչական կոմիտեին, և՛ ՀՀ ոստիկանությանը կապի օպերատորներին համապատասխան հարցումներ ուղարկելու միջոցով շատ հեշտությամբ կարող էին պարզել, թե Հ. Նահապետյանն ու Հ. Այվազյանը երբ և ինչ հեռախոսահամարների են զանգել, երբ և որ հեռախոսահամարներից են զանգեր ստացել, ամեն անգամ ինչ տևողությամբ են խոսել: Հենց տեղում դժվար չէր նաև ստուգել, կարդալ վերոնշյալ անձանց ստացած և ուղարկած վերջին շրջանի բոլոր SMS հաղորդագրությունները, և որևէ հետաքրքիր բան գտնելու դեպքում նոր միայն արձանագրել դա, առգրավել:
Ի՞նչ պատասխան են տալու ՀՀ քննչական կոմիտեն և ոստիկանությունը, եթե քրեական գործի նախաքննությամբ պարզվի, որ հայտնի խոսակցության գաղտնալսումը և ձայնագրությունը նրանք չեն կատարել: Ի՞նչ պատասխան է տալու դատարանը` իրավապահներին խուզարկության սանկցիա տալու համար: Ի վերջո, պետք է նկատի ունենալ, որ հանուն քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության գործող, այլասերվածության քարոզչության և քայքայիչ, ամբողջատիրական աղանդների դեմ պայքարող հիշյալ նախաձեռնությանը լուրջ վնաս է պատճառվել` նրա համակարգչային տեխնիկան, հիշողության կրիչներն առգրավելով և աշխատելու հնարավորությունից զրկելով: Առնվազն բարոյական վնաս է պատճառված Հայկ Նահապետյանին և Հայկ Այվազյանին: Այս ամենը չպետք է անտեսել…
Նշենք նաև, որ Հայկ Նահապետյանին և Հայկ Այվազյանին դատավարական որևէ կարգավիճակ (կասկածյալ, մեղադրյալ) չի տրվել, խուզարկությունները և վերոնշյալ գույքի առգրավումը կատարվել է առանց դրա: Հուսով ենք, որ նոր Հայաստանում ՀՀ քննչական կոմիտեն կիրականացնի բացառապես օբյեկտիվ նախաքննություն ու պատասխանատվությունից խույս տալու համար, չի փորձի գնալ քրեական գործ սարքելու ճանապարհով: Դա չի՛ հանդուրժվելու: Ի դեպ, տեսնել է պետք, թե այլասերվածներից և նրանց «իրավունքների» սորոսական պաշտպաններից ոմանք սոցիալական ցանցերում ինչպես են ուրախացել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակի և Հայկ Այվազյանի բնակարանի խուզարկության փաստից:
ՀՀ քննչական կոմիտեն երեկ իր կայքում հրապարակած տեղեկատվությամբ հայտնեց, որ «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»:
Կոմիտեն տեղեկացրեց նաև, որ հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով օպերատիվ-քննչական խումբը սեպտեմբերի 17-ին այցելել է տարբեր հասցեներ՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում կատարված խուզարկության մասին այդ կամ կոմիտեի որևէ այլ տեղեկատվության մեջ մինչ այս պահը բառ անգամ չկա: Այդ մասին որևէ բառ չկա նաև ՀՀ ոստիկանության կայքում:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք