Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին հայտարարության վերաբերյալ ոստիկանության պարզաբանումը


Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին հայտարարության վերաբերյալ ոստիկանության պարզաբանումը

  • 19-09-2018 17:28:29   | Հայաստան  |  Իրավունք

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում առանձին թեկնածուների հասցեին սոցիալական կայքերում հրապարակվող վիրավորական և զրպարտչական բնույթի մեկնաբանությունների ու հայտարարությունների վերաբերյալ թեկնածուներից մեկի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը անմիջապես հանձնարարական է տվել ոստիկանությանը պարզել նման երևույթների առկայության փաստն ու հանգամանքները։
 
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումն իրավապահ մարմիններին զրկել է քրեաիրավական ներգործության միջոցներով մարդկանց պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը տեղեկատվական ոտնձգություններից պաշտպանելու հնարավորությունից: Սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու և պատճառված ոչ նյութական վնասի համար իրավախախտին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վերապահված է մասնավոր անձին, ինչը կարող է իրականացվել դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու եղանակով:
Տեղեկատվական հարձակումներից տուժած քաղաքացիների կողմից ոստիկանության հասցեին հաճախ են հնչեցվում քննադատություններ, անգործության մեջ մեղադրանքներ: Պարզաբանում ենք, որ ոստիկանությունը որպես քրեական հետապնդման մարմին, իր լիազորությունները կարող է լիարժեք իրականացնել միայն այն դեպքերում, երբ տեղեկությունների հրապարակումը կամ տարածումը իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ: Օրինակ՝ հրապարակումը իրենից ներկայացնում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել, կամ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ են համացանցում տարածվել և այլն: 
Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ ավագանու թեկնածուներից որևէ մեկի կյանքին, առողջությանը ոտնձգելու կամ գույք ոչնչացնելու սպառանալիքներ են տարածվել: Նման եզրահանգման ոստիկանությունը եկել է սեփական նախաձեռնությամբ՝ ավագանու թեկնածուների վերաբերյալ հրապարակված մեկնաբանությունները գնահատելով: 
 
Հիշեցնում ենք, որ առանձին օգտատերերի կողմից սոցկայքերի իրենց անձնական էջերում տարածված՝ սուբյեկտիվ գնահատմամբ հանցագործության մասին հաղորդումները չեն հանդիսանում քրեական գործ հարուցելու օրինական առիթներ: Քրեական հետապնդման մարմինները պարտավորություն չունեն բոլոր այդ հրապարակումներին սեփական նախաձեռնությամբ իրավական գնահատական տալու, բացառությամբ այն դեպքերի, երբ տեսադաշտում կհայտնվեն առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներ: Քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ եթե հրապարակումը տարածում չի գտել զանգվածային լրատվության միջոցներում, այդ թվում՝ էլեկտրոնային, ապա սեփական իրավունքների քրեաիրավական պաշտպանության համար արդյունավետ միջոց է հանդիսանում իրավապահ մարմնին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, որը հնարավոր է ինչպես ոստիկանությանը դիմում հասցեագրելով, անձամբ ներկայացնելով, այնպես էլ dimum@police.am և press@police.am հասցեներին էլեկտրոնային նամակ ուղարկելով (մանրամասները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշմամբ): 
 
Ոստիկանությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանմամբ և ցանկացած քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև օրինական շահերը պաշտպանելու է անկախ քաղաքացու քաղաքական կամ այլ հայացքներից: 
Խնդրում ենք միայն օրենքով ձեզ վերապահված հնարավորություններից օգտվել գրագետ և ժամանակին, ինչն արդյունավետ իրավական պաշտպանության առանցքային երաշխիքներից է:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք