«Խաչպար» ՍՊԸ-ի ներկայացուցիչները շարունակում են ահազանգել ՊՆ Գնումների հանձնաժողովում իրականացվող ապօրինությունների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Խաչպար» ՍՊԸ-ի ներկայացուցիչները շարունակում են ահազանգել ՊՆ Գնումների հանձնաժողովում իրականացվող ապօրինությունների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-09-2018 16:58:29   | Հայաստան  |  Հասարակություն



 
2016 թվականից ի վեր Հայաստանի տարածքում դեղորայքի, բժշկական նշանակության ապրանքների, ախտահանիչ միջոցների, ատամնաբուժական պարագաների մեծածախ ներկրմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող «Խաչպար» ՍՊԸ-ն պայքարում է Պաշտպանության նախարարության Գնումների հանձնաժողովում իրականացվող ապօրինությունների դեմ, սակայն մինչ օրս այդ կառույցում անհրաժեշտ հետևություններ չեն արվել: 
 
Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Մարդ և Օրենք» ՍՊԸ փաստաբանական ընկերության հիմնադիր-տնօրեն, փաստաբան Մկրտիչ Դավթյանը՝ անդրադառնալով «ՀՀ ՊՆ աշխատակիցների կողմից Գնումների մասին օրենքի պահանջները խեղաթյուրելու, առանձին դեպքերում թերի ներկայացնելու միջոցով անցանկալի ընկերություններին գնումների գործընթացից դուրս թողելու և Սև ցուցակում ներառելու վերաբերյալ» թեմային: 
 
Ըստ նրա, թեև 2018 թվականի ՊՆ-ում փոխվել է ղեկավար կազմը, այդուհանդերձ, ապօրինությունները շարունակվում են: 
 
«Երբ որ նայում եմ այս ընթացքը, տեսնում եմ, որ նախարարը փոխվեց, եկավ նորը, տեղակալները փոխվեցին, եկան նորերը, բայց գործելաոճը մնացել է նույնը, այսինքն՝ շան գլուխը թաղված է մեկ ուրիշ տեղ՝ ավելի ստորին օղակների մեջ, որոնց որ տրվում է հնարավորություն կազմելու մրցույթի հետ կապված տեխնիկական բնութագրերը, սահմանելու մասնակցության չափորոշիչները և վերջիններս նախընտրում են այնպիսի տեխնիկական բնութագրեր, պահանջներ դնել, որ մյուս տնտեսվարող սուբյեկտները, ոչ ցանկալի ես կասեի, չկարողանան հաղթահարել այդ բարիերը»,- ընդգծեց Մ. Դավթյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ «Խաչպար» ՍՊԸ-ն տարբեր կազմակերպությունների հետ կապված այժմ գտնվում է մի քանի դատական վեճերի մեջ, որոնցից երկուսը ՀՀ ՊՆ-ին են առնչվում: 
 
Ինչպես պարզաբանեց նշյալ ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը, իրենք 
մեծածախ վաճառքի մեծ մասն իրականացնում են տարբեր գերատեսչությունների կողմից հայտարարված նմանատիպ ապրանքների մրցույթներին մասնակցելուց: 
 
«Մասնակցել ենք նաև ՊՆ-ի կողմից կազմակերպվող տարբեր մրցույթների, շատ դեպքերում հաղթող ենք եղել, մատակարարել ենք, սակայն վերջին մի քանի տարիներին որոշ ապրանքատեսակների նկատմամբ ՊՆ-ի կողմից նկատում ենք այնպիսի մոտեցումներ, որոնք սահմանափակում են մրցույթին մասնակիցների թվաքանակը, խտրական պայմաններ են առաջադրում»,- նշեց Ս. Բալասանյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ ՀՀ ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթների մասնակիցների ցանկն ուսումնասիրելիս, տեսել են, որ դրանք անփոփոխ ընկերություններ են, իսկ այս տարվա մասնակիցների ցանկում իրենց ընկերության անունն ընդհանրապես չկա:
 
Բանախոսների պահանջը մեկն է՝ ապահովել արդար մրցակցային պայմաններ, թույլ չտալ համապատասխան պաշտոնյաններին հետապնդելով անձնական շահը՝ օգտագործել սեփական լիազորությունները և վնաս պատճառել ոչ միայն պետությանը, այլև տնտեսվարող սուբյեկտներին:  
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play