Հակակշիռ Գագիկ Ծառուկյանին. Սերժ Սարգսյանի հարվածից հետո


Հակակշիռ Գագիկ Ծառուկյանին. Սերժ Սարգսյանի հարվածից հետո

  • 19-09-2018 17:54:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեւանի Ավագանու ընտրությունը աչքի է ընկնում ոչ միայն Իմ քայլը դաշինքի եւ ԲՀԿ թեժացած դիմակայությամբ: Դիմակայության բավական նկատելի գիծ կա նաեւ Լույս դաշինքի ուղղությամբ: Համենայն դեպս, եթե ոչ կոշտ, բայց քաղաքական առումով բավական սուր շեշտադրումներով ելույթներ ունենում են նաեւ Լույս դաշինքի առաջնորդները, իհարկե Նիկոլ Փաշինյանին մեղադրելով խաղը անհարկի սրելու, սեւ-սպիտակի բաժանելու համար: Նրանք չեն մոռանում ասել, որ առաջինը սկսել է Փաշինյանը, ասելով, թե իրեն նույնիսկ ընկեր ներկայացողները, հեղափոխության պաշտպան ներկայացողները «խաղեր են տալիս ՀՀԿ» հետ կամ «հակահեղափոխության» հետ:
 
Հետո, Լույսի դաշինքի արձագանքների առնչությամբ, թե իրենք ոչ մի խաղ էլ չեն տալիս, Փաշինյանն ասել էր, թե ինչու՞ են իրենց վրա վերցնում, եթե իրենք չեն խաղ տվողը:
 
Ելք դաշինքի նախկին գործընկերների միջեւ իրավիճակը բավական ուշագրավ է, միաժամանակ թերեւս ոչ անսպասելի:
 
Աներկբա էր, որ հեղափոխության հաղթանակի դեպքում Նիկոլ Փաշինյանն էր նրանց թելադրելու իր պայմանները, իսկ պարտության դեպքում նրանք էին Նիկոլ Փաշինյանին պայման թելադրելու:
 
Էդմոն Մարուքյանն ու Արամ Զավենի Սարգսյանը չմիացան Նիկոլ Փաշինյանին, մինչեւ այն պահը, երբ այլեւս պարզ էր, որ չմիանալն է լինելու քաղաքական մահ: Մինչ այդ նրանք կարծում էին, որ քաղաքական մահ կլինի միանալը, հատկապես երեւի թե ապրիլի 17-ին խորհրդարանում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից կամ «նկատողությունից» հետո, թե հորդորեք ձեր ընկերոջը փողոցից գալ խորհրդարան եւ աշխատել:
 
Իրականում Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը բավական ուժեղ հարված էր ԵԼՔ-ի այն երկու ուժերին, որոնք չէին միացել Նիկոլ Փաշինյանին: Սերժ Սարգսյանը նրանց գործնականում հայտարարում էր խաղից դուրս, ակնարկելով, որ նրանց ներկայությունը խորհրդարանում իրեն հետաքրքիր չէ, չունի քաղաքական նշանակություն, իր համար նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում պահելը:
 
Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ԵԼՔ-ի մյուս երկու ուժերին ակնարկում էր, որ Նիկոլ Փաշինյանին խորհրդարան բերելու համար է, որ իրենք էլ մտել են խորհրդարան:
 
Նոր իրավիճակում նրանք ունեն խորհրդարանում հայտնվելու առավել լուրջ խնդիր, եւ ներկայում դա առանց Նիկոլ Փաշինյանի լուծելը առավել եւս բարդ է: Մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը ներկայում չունի նրանց հետ փոխզիջման քաղաքական անհրաժեշտություն: Չի բացառվում, որ Լույս դաշինքը փորձում է ձեւավորել այդ անհրաժեշտությունը, ցույց տալով, որ կարող է եւ գործակցել նախկին իշխանության որոշ շրջանակների հետ, եթե Նիկոլ Փաշինյանը չպայմանավորվի իրենց հետ:
 
Փաշինյանը չի դրսեւորում պայմանավորվելու մտադրություն: Մյուս կողմից, նրա համար կարող է շահեկան լինել Լույս դաշինքի ընդդիմադիր դիրքավորումը, քանի որ դրանով կարող է հակակշռվել օրինակ ԲՀԿ-ն, որը ներկայում բավական անորոշ վիճակում է: Անորոշ այն առումով, որ այդ կուսակցության մեջ դարձյալ սկսում է դրսեւորվել «բաժնետիրականության» իրողությունը, եւ պարզ չէ, թե ով է ավելի շատ խոսում ի դեմս կոշտ հռետորաբանության՝ Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը, գուցե նրանք երկուսը միասին: Թերեւս ավելի նկատելի է, որ չի խոսում, կամ քիչ է խոսում, կամ անհամեմատ զուսպ է խոսում Գագիկ Ծառուկյանը:
 
Ի դեպ, հետաքրքիր է այն, որ գրեթե այդ հարաբերակցությունն էր նաեւ ոչիշխանական բեւեռի շրջանում, պարզապես այն տարբերությամբ, որ Նաիրա Զոհրաբյանի փոխարեն կոշտ եւ արմատական հռետորաբանության թիվ մեկ կրողը Վարդան Օսկանյանն էր, ում «անձնական կարծիքին» էին վերագրում այդ կոշտությունը:
 
Առայժմ որեւէ մեկը չի ասում, թե Նաիրա Զոհրաբյանի անձնական կարծիքն է կոշտ հռետորաբանությունը, բայց համենայն դեպս առայժմ բաց է նաեւ հարցը, թե ինչ կարծիքի է Գագիկ Ծառուկյանը: Կասկածից վեր է, որ կա նրան վերստին այլ քաղաքական ծրագրերի «գործիք» կամ «վահան» դարձնելու աշխույժ ջանք:
 
«Լույս» դաշինքն այդ իմաստով կարող է լինել հակակշռող, զսպող ուժ, որպեսզի Գագիկ Ծառուկյանը չփորձի Նիկոլ Փաշինյանի հետ վարել երկակի խաղ, ու միաժամանակ չհաջողեն նաեւ նրան իրենց խաղի մեջ ներքաշել փորձող ուժերը: Ի վերջո, «Լույսը» կարող է լինել այն միավորը, որն իր վրա կվերցնի Նիկոլ Փաշինյանի գործունեությունից դժգոհներին, թույլ չտալով, որ նրանց վերցնի ԲՀԿ-ն: Իսկ դժգոհներ անկասկած կան, եւ եթե նրանք նույնիսկ շատ քիչ են, այդուհանդերձ Փաշինյանի համար թերեւս վատ չի լինի, եթե նրանք ԲՀԿ փոխարեն գնան դեպի «Լույսը», այսինքն ոչ իրենը դիտարկվող թեկուզ փոքրաթիվ ռեսուրսը այդուհանդերձ բաշխվի հավասարաչափ: Առավել եւս, որ Երեւանի Ավագանու ընտրությունը վավեր կլինի, եթե անցողիկ շեմը հաղթահարի առնվազն երեք մասնակից սուբյեկտ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն