Սյունիքում դադարեցվել է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի գործողությունը


Սյունիքում դադարեցվել է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի գործողությունը

  • 19-09-2018 18:44:38   | Սյունիքի մարզ  |  Վերլուծություն

Սիրո եւ համերաշխության Հայաստանի ամենառազմավարական մարզում՝ Սյունիքում, օրեցօր նոր մասշտաբներ է ընդունում խոսքի ազատությանը հայտարարված պատերազմը:
 
Վահե Հակոբյան անաղուհացին Սյունիքից վտարելուց հետո խոսքի ազատության, բազմակարծության դեմ պայքարի դրոշը վերցրել են Քաջարանում բնավորված եւ երկրամասի ընդերքի հարստությամբ չափը կորցրած ավազակախմբի անդամներն ու գաղութարարները:
 
Նրանց համոզմամբ՝ Սյունիքը վերջնականապես ծնկի բերելու եւ գաղութացնելու ճանապարհին միակ խոչընդոտը շարունակում է մնալ «Սյունյաց երկիրը»:
 
Հայաստանի թիվ 1 հարկատու, աշխարհի մոլիբդենի հաշվարկված պաշարների 8 տոկոսի տիրակալ, հանրապետության մետաղական հանքարդյունաբերության 80 տոկոսի կրող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարները միայն վերջին երկու-երեք ամսում ութ քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ «Սյունյաց երկրի» ու նրա խմբագրի:
 
Ուշագրավ է, որ ահաբեկված գաղութարարները հայցադիմումներն ուղղել են ոչ թե Սյունիքի, այլ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (Սյունիքից նրանք սարսափում են):
 
Եւ մայրաքաղաքային այդ դատարանը, չարաշահելով իր հայեցողական իրավունքը, հաշվի չառնելով բազմաթիվ ու էական հանգամանքներ, հայցադիմումները վարույթ է ընդունել՝ անտեսելով ակնհայտը, որ դրանք ենթակա են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քննության:
 
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դրանով բացառել է մրցակցային դատավարության հնարավորությունը եւ ի սկզբանե անհավասար պայմաններ ստեղծել Հայաստանի թիվ 1 հարկատուի ու մարզային սովորական մի թերթի միջեւ սպասվող դատավարություններում:
 
Բայց դա չէ կարեւորն ու արտառոցը, այլ…
 
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, ավազակախմբի անդամներից մեկի հայցադիմումի առիթով, իբրեւ հայցի ապահովման միջոց, դիմել է անկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող քայլի (գործ N ԵԴ/12118/02/18, 4 հուլիսի 2018թ.):
 
Դատարանի որոշմամբ արգելվել է «Սյունյաց երկրին» ու նրա խմբագրին՝ որեւէ նյութ հրապարակել Քաջարանում ծվարած եւ ավազակային հատուկ առաքելությամբ Սյունիք գործուղված մի անձնավորության վերաբերյալ, որի կենսագրությունը չորս տարի շարունակ գաղտնի է պահվում սյունեցիներից:
 
Փաստորեն ընդունվել է դատական ակտ, որով դադարեցվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 42-րդ հոդվածի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողությունը Սյունիքում:
 
Հիշեցնենք՝ տվյալ փաստաթղթերի նշված հոդվածներով հռչակված է մարդկանց՝ կարծիք արտահայտելու իրավունքը, որը մաս է կազմում մարդու եւ քաղաքացու հիմնարար  իրավունքների ու ազատությունների համամարդկային սկզբունքների:
 
Հիշեցնենք նաեւ՝ ո՛չ ՀՀ վճռաբեկ դատարանը, ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման նախադեպ չունեն:
 
Առաջին նախադեպը, փաստորեն, ստեղծվում է Սյունիքում, այն էլ՝ «Սյունյաց երկիր» թերթի ու նրա խմբագրի առումով, այն էլ՝ Սյունիք ներխուժած գաղութարարների միջնորդությամբ:
 
Իսկ եթե կա նման նախադեպ ու մենք տեղյակ չենք, ապա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր գոնե թեթեւակի հղում կատարել նախադեպային իրավունքի այդ նորմին:
 
Բանն այն է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի տվյալ արտառոց քայլը նախադեպ կդառնա Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայում, ինչպես եւ խոսքի ազատության ու բազմակարծության սահմանափակման ուղղությամբ:
 
Չգիտենք՝ լա՞նք, թե՞ խնդանք, որ մինչեւ օրս Հայաստանի պատկան մարմիններն ուշադրություն չեն դարձրել դատական աննախադեպ այդ ակտին:
 
Իհարկե, «Սյունյաց երկիրն» ու նրա խմբագիրն առանց փասատաբանի  կմասնակցեն դատաքննություններին եւ անպայման, այդ ճակատում եւս, ջախջախիչ պարտության կմատնեն գաղութարարներին. հայցադիմումներն ու հայցվորներն այնքան անգրագետ են ու անհեթեթ, որ փաստաբան վարձելու կարիք չկա եւ չի լինի:
 
Իհարկե, տվյալ գործով առաջին իսկ նախնական դատական նիստում անվստահություն կհայտնվի դատավոր Էդիկ Ավետիսյանին (մյուս դատավորներին բացարկ հայտնելու հիմքեր չունենք):
 
Իհարկե, մենք հակընդդեմ ապահովման միջնորդություններ կներկայացնենք դատարան ոչ միայն Սահմանադրության 42-րդ հոդվածի եւ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողությունը Սյունիքում վերականգնելու ուղղությամբ, այլեւ խմբագրի անձնական ամբողջ գույքի վրա դրված կալանքը վերացնելու ուղղությամբ (վերջին հանգամանքը նույնպես կիրառվել է խմբագրին դատական հավասար մրցակցությունից զրկելու համար):
 
Իհարկե, բոլոր գործերի դատաքննությունը կփորձենք տեղափոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որովհետեւ հայցադիմումներն (առանց բացառության) ընդդատյա են մեր մարզի դատարանին, բայց…
 
Ինչպե՞ս հասկանալ, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո անգամ Սյունիք ներխուժած գաղութարարները կարողանում են շարունակել պատերազմը խոսքի ազատության դեմ եւ իրենց կամքը պարտադրել անկախ հորջորջվող դատական ատյանի հանդեպ նույնիսկ:
 
Եվ մինչեւ ե՞րբ է շարունակվելու այդ ամենը, մինչեւ ե՞րբ է Սյունիքի ընդերքի հարստությունը, երկրամասի հիմնախնդիրների լուծմանը ծառայեցվելու փոխարեն, անեծք լինելու ոչ միայն մեր լեռնաշխարհի, այլեւ ամբողջ Հայաստանի ու հանրապետության պետական կարգի համար:
 
«Սյունյաց երկիր»
Նոյյան տապան  -   Վերլուծություն