Հայտնի խոսակցության գաղտնաձայնագրառողին հայտնաբերելու այսպիսի գործողությունը դժվար թե պատիվ բերի Փաշինյանին (տեսանյութ)


Հայտնի խոսակցության գաղտնաձայնագրառողին հայտնաբերելու այսպիսի գործողությունը դժվար թե պատիվ բերի Փաշինյանին (տեսանյութ)

  • 19-09-2018 20:48:59   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները սեպտեմբերի 17-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակմամբ, խուզարկություն են կատարել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում, ինչպես նաև նախաձեռնության անդամներից Հայկ Այվազյանի գրանցման հասցեում (ծնողների բնակարանում), առգրավել են համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ: Կատարվածի առնչությամբ «Հայելի» ակումբում այսօր մամուլի ասուլիսով հանդես եկան հիշյալ նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանը և Հայկ Այվազյանը:
Հայկ Նահապետյանի տեղեկացմամբ, խուզարկության հիմքը, որը դատարանի որոշմամբ ներկայացվել է իրենց, հետևյալն է` ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսումն ու ձայնագրությունը, հնարավոր է, կատարվել է Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի կողմից:
«Եվս մի հետաքրքիր ձևակերպում կար դատարանի որոշման մեջ, որտեղ նշված էր, որ այդ գրասենյակը խիստ քողարկված վիճակում է գործում,- ասաց Հ. Նահապետյանը:- Նախ, գրասենյակի առումով ասեմ, որ 2 տարուց ավելի է, գրասենյակը կա, մեր գրասենյակում եղել են հարյուրավոր մեր համախոհներ, մտավորականներ, լրագրողներ, պետական պաշտոնատար անձինք` ներկայիս և նախկին, այնպես որ, որևիցե գաղտնիություն չկա մեր գրասենյակի հետ կապված: Ինչ վերաբերվում է իմ և Հայկ Այվազյանի կողմից այդ ձայնագրությունն իրականացնելուն, մենք դրան ժպիտով ենք վերաբերվում և ասում ենք իրականությունից հեռու, իրականության հետ որևիցե աղերս չունեցող գնահատական է տրված»:
Ինչպես նշեց բանախոսը, իրավապահներն առգրավել են նաև բջջային մի այնպիսի սովորական հեռախոս, որը չունի հիշողության կրիչ, և որով հնարավոր չէ իրականացնել անգամ սովորական խոսակցության ձայնագրություն: Խուզարկություն եղել է նաև Հայկ Այվազյանի ծնողների տանը, և այնտեղ հետաքրքիր հիմնավորում են տվել, իհարկե, բանավոր, թե փնտրում են զենք և թմրամիջոցներ:
«Կարծում եմ, որ այս գործի շրջանակներում` գաղտնալսման հետ կապված, որով հարուցվել է քրեական գործ, կարծես թե կապ չունեն ոչ զենքը, ոչ թմրանյութը, իրենց պետք են սարքեր, սարքավորումներ, որոնք կունենային ապացուցողական հիմք, որ դրանցով իրականացվել է գաղտնի ձայնագրություն»,- ասաց Հայկ Նահապետյանը և հավելեց, որ Այվազյանն այդ պահին գտնվելիս է եղել նախաձեռնության գրասենյակում, որտեղ նույնպես նույն ժամանակ խուզարկություն է իրականացվել:
«Տարօրինակ է, որ մեր տանը, ասենք, զենք և թմրանյութ են փնտրում, որովհետև ես երբևէ ոչ զենքի, ոչ էլ թմրանյութերի հետ կապված որևէ գործում նույնիսկ վկա ներգրավված չեմ եղել, հետևաբար զենք և թմրանյութ փնտրելն անիմաստ էր,- ասաց Հայկ Այվազյանը:- Կարծում եմ, պետք է փնտրեին այն, ինչը վերաբերվում է քրեական գործի բուն էությանը…»:
«Մեկ անգամ ևս հաստատում ենք, որ ո՛չ ես, ո՛չ Հայկ Այվազյանը որևիցե առնչություն չունենք այդ ձայնագրումն իրականացնելու հետ, այսինքն` մտացածին է և իրականությանը չի համապատասխանում,- ասաց Հայկ Նահապետյանը:- Կարող եմ ասել, որ այդ խուզարկությունից հետո ամբողջովին, այս պահի դրությամբ, կազմալուծվել են մեր նախաձեռնության աշխատանքները, որովհետև հավաքել են համակարգիչները, համապատասխան սարքավորումները, որոնցով մեր գործունեությունն իրականացնում էինք: Ի դեպ, մեր նախաձեռնությունը մոտակա ամիսներին երկու, ըստ մեզ (և ոչ միայն…), կարևոր գործողություն էր իրականացնելու: Առաջինը վերաբերվում է Ազգային ժողով մեր նախաձեռնության կողմից ներկայացված, անչափահասների շրջանում միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի նախագծին: Եվ երկրորդը. հավանաբար գիտեք, որ նոյեմբերի 2-րդ կեսին Հայաստանում տեղի է ունենալու ԼԳԲՏ քրիստոնյաների (խոսքն իրենց «Եվրոպայի ԼԳԲՏ քրիստոնյաներ» հռչակած կազմակերպության մասին է, ԼԳԲՏ-ն հապավում է, որը նշանակում է լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվիստիտներ.- Ա. Հ.) ֆորումը: Այո՛, մենք լինելով ազգային, ավանդական, պահպանողական արժեքներ կրող անձինք և կառույց, լինելու ենք այն կազմակերպիչներից նաև, որը քարոզչական դաշտում խոչընդոտելու է, բացատրելու է մարդկանց այն բոլոր վտանգները, որն իր մեջ կրում է այդ ֆորումը: Այսինքն` այդ խուզարկության հետևանքով այս պահի դրությամբ մեր աշխատանքները որոշակի առումով կասեցվել են, բայց դա միայն այս պահի դրությամբ: Ես հուսով եմ, որ մեր աշխատանքներն, այնուամենայնիվ, մեր համախոհ ընկերների կողմից տրամադրված համապատասխան տեխնիկական միջոցներով կշարունակենք մեր աշխատանքները»:
Բանախոսի տեղեկացմամբ, իրենք համագործակցում են բոլոր անձանց, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների հետ, անկախ նրանց ուղղվածությունից, արտաքին կողմնորոշումից, սոցիալական վիճակից, զբաղեցրած պաշտոնից, եթե համախոհ են նախաձեռնության, նրա անդամների հետ, իրենք բոլորի հետ համագործակցել և համագործակցելու են, նույնիսկ եթե այդ անձինք զբաղեցնում են պետական պաշտոններ: Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչո՞ւ հենց իրենց վերաբերյալ է դատարանի որոշմամբ նման ձևակերպում տրվել` ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսումն ու ձայնագրությունը, հնարավոր է, կատարվել է Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի կողմից, ապա Նահապետյանն ասաց.
«Կարող եք արձանագրել, որ դա, ամենայն հավանականությամբ, կապված է մեր հասարակական գործունեության հետ, ինչու չէ, նաև մեր քաղաքական այն ընկալումների, որոնք բազմիցս բարձրաձայնել ենք: Շուրջ 5 տարի հասարակական դաշտում մենք բավական ակտիվ գործունեություն ենք ծավալում»:
Բանախոսը տեսականորեն չբացառեց, որ խուզարկությունը և նախաձեռնության գործունեությանն անհրաժեշտ տեխնիկայի առգրավումն արվել է իրենց դավանած ու սկզբունքների, գաղափարների տարածմանը խոչընդոտելու համար, հակառակ դեպքում այն ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության խայտառակ ձախողումն է:  
«Ուղղակի,- շարունակելով իր խոսքը, ասաց Հայկ Նահապետյանը,- ունենալով նաև այն տեղեկատվությունը, ըստ որի, բարձր պաշտոնատար անձինք կարող են մարդկանց մի երկու օրով փակել և ուզածդ ցուցմունքը կորզել (իսկ դրա մասին, հավանաբար, բոլորդ գիտեք, թե ով է ասել), միգուցե իրենք մտածում են, որ իրենց այդ պրակտիկան (մարդկանց վրա ֆիզիկական և հոգեբանական բռնություն) կիրառելուց հետո, այդ մարդիկ իրենց ուզած ցուցմունքը միգուցե և տան: Մեր դեպքում դա չի՛ լինելու, որովհետև մենք շատ վճռական ենք և գիտենք ինչ ենք անում, և այն, ինչ անում ենք, ի բարօրություն է մեր երկրի և մեր ժողովրդի»:
Հայկ Այվազյանի տեղեկացմամբ, խուզարկությունը և տեխնիկայի առգրավումը հիմնավորող որոշման մեջ գրված է, որ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում առկա են մեծ քանակի ձայնագրող սարքեր, և հիշյալ գրասենյակը գործում է խիստ քողարկված ձևով: Իրականում, սակայն, ինչ-որ հատուկ ձայնագրող սարքեր չեն եղել, մեծ քանակի ձայնագրող սարքերն ընդամենը մի քանի համակարգիչներն են եղել, որոնք կան թերևս ցանկացած նախաձեռնության, ՀԿ-ի կամ խմբագրության գրասենյակում:
Իսկ այն, որ գրասենյակն իբր գործել է խիստ քողարկված պայմաններում, ըստ Հ. Նահապետյանի, երևի եզրակացրել են ելնելով նրանից, որ բնակելի շենքը, որտեղ գրասենյակն է, ունի «դամաֆոն»… Վերջինիս տեղեկացմամբ, իրենց գրասենյակում կային նաև իրենց համախոհների տված համակարգիչներ, կրիչներ, տեսախցիկներ, որովհետև իրենք պատրաստվում էին առավել ակտիվ լինել, իրենց ու իրենց համախոհ կազմակերպությունների կայքերի աշխատանքների ծավալները մեծացնել` հաշվի առնելով այն լրջագույն ճնշումները, որոնք Հայաստանի Հանրապետության վրա փորձելու են գործադրել մի շարք օրենքների, միջազգային կոնվենցիաների ստորագրում պարտադրելու համար:
«Մենք դրանց դեմ եղել ենք, կանք և լինելու ենք»,- հավաստեց Հայկ Նահապետյանը:
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի խոսակցության գաղտնաձայնագրառողին հայտնաբերելու ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության այսպիսի գործողությունը դժվար թե պատիվ բերի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հիշյալ նախաձեռնության անդամները ներկայացրեցին նաև իրենց գործունեության ուշագրավ մի շարք այլ մանրամասներ, որոնք, հնարավոր է, պատճառն են վերոնշյալ խուզարկությունների, տեխնիկայի առգրավման և այս պահին «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գործունեության որոշակի առումով կասեցման: Դրանց, ինչպես նաև իրավապահների հիշյալ գործողություններից այլասերվածների և նրանց «իրավունքների» պաշտպանների ուրախության ու հրճվանքի հրապարակային դրսևորումներին կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք