ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի տուժած Մուշեղ Սաղաթելյանի գործով վճիռը. ՀՀ կառավարությանը պարտադրվել է դիմումատուին վճարել 20 հազար 600 եվրո.«Արմենպրես»

20-09-2018 13:54:35   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 15 600 եվրո վճարել հայցվորին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և 5000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի կայքը, հայցվորը պնդել է, որ 2008 թվականի մարտի 1-ին բռնության է ենթարկվել ձերբակալության ժամանակ, իսկ ոստիկանական բաժին հասնելուց հետո իշխանությունները չեն իրականացրել բռնության մասին իր պնդումների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն: Նա նաև պնդել է, որ իր ձերբակալությունը եղել է անօրինական և կամայական, որ իր  ձերբակալությունը և հետագա կալանքը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի կամ համապատասխան և բավարար պատճառների վրա: 

Հայցվորը պնդել է նաև, որ իր դատավարությունը արդար չի եղել, քանի որ իր դեմ ողջ քրեական գործը հիմնված է եղել միայն ոստիկանական վկայությունների վրա, բացի այդ խախտված է եղել կողմերի հավասարության սկզբունքը և վկա կանչելու իր իրավունքը, և որ ցուցարարներին ցրելը և այնուհետև նրանց հետապնդումը և դատապարտումը խախտել են ազատ արտահայտման և խաղաղ հավաքների նրա իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ, և այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պարտավոր է հայցվորին վճարել 15.600 եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի դիմաց։

ՄԻԵԴ-ի կողմից մերժվել են Հայաստանի կառավարության առաջարկները և միևնույն ժամանակ արձանագրել, որ հայցվոր Սաղաթելյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվել, արդյունավետ քննություն չի իրականացվել, նրան կալանավորելը եղել է անօրինական և Սաղաթելյանին չի բացատրվել իրեն կալանավորելու օրինական հիմքերը։ 

Վճռի վերաբերյալ փաստաբան Վահե Գրիգորյանը, որը նաև ՄԻԵԴ-ում տուժողի ներկայացուցիչն է, «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այլևս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլևս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»։

Մուշեղ Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել «Իշխանության ներկայացուցչի նկատմամբբռնություն գործադրելու» և «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռքբերելու կամ կրելու» մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` նա, պարբերաբար մասնակցելով 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո իրականացվող զանգվածայինհրապարակային միջոցառումներին, «մարտի 1-ին չենթարկվելով ոստիկանությանաշխատակիցների օրինական պահանջներին, հարձակվելով ոստիկանության դասակիհրամանատար Արսեն Արշակյանի վրա, փայտով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխին՝պատճառելով առողջությանը թեթև վնաս ու թաքնվել ամբոխի մեջ»։ Պարզվել էր նաև, որ ՄուշեղՍաղաթելյանն «ապօրինի կրել էր քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացողգործարանային արտադրության դանակ»:2008 թ. հոկտեմբերի 23-ին մարտի 1-2-իիրադարձությունների հետ կապված Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվաազատազրկման։

 


Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 723 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար