Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ


Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ

  • 20-09-2018 15:25:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
 
Ողջունելով հյուրին՝ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը:
 
Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ՀՀ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում է, եւ խորհրդարանականները միջազգային բոլոր հարթակներում պաշտպանում են Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի շահերը:
 
Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար:
 
ԱՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
 
Զրուցակիցները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր, կարեւորել Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստերը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն