Նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է կարատեի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին

20-09-2018 15:49:16   | Հայաստան  |  Սպորտ
 


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի դենտո ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի մարզիկներին, որոնք սեպտեմբերի 14-ից 15-ը Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում մասնակցել են ITKF-ի կողմից անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությանը և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
 
Նախարարը ողջունել է մարզիկներին ու ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանին և շնորհավորել մարզական հաջողությունների համար: «Շնորհավորում եմ թե՛ մարզիկներին և թե՛ մարզիչներին մեդալներ նվաճելու կապակցությամբ: Այս մեդալները տարիների աշխատանքի արդյունք է: Կարևոր է գիտակցել, որ ձեր նվաճումները նաև ողջ հայ ժողովրդինն են, քանի որ մեր յուրաքանչյուր մարզիկի չեմպիոնությունը ևս մեկ անգամ հարյուրավոր մարդկանց ոտքի է կանգնեցնում, երբ ծածանվում է հայոց եռագույնը և հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- ասել է Լ. Վահրադյանը: Նախարարը նաև հույս է հայտնել, որ հայ մարզիկները հաջող հանդես կգան նաև 2020 թվականի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում, որտեղ առաջին անգամ մրցելու են նաև կարատեիստները:
 
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ շարունակելու են մարզումները՝ մեր երկրի պատիվը միջազգային մրցահարթակներում բարձր պահելու համար:
 
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը մրցավայր էր մեկնել 3 մարզիկներով, որոնք բոլորն էլ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Վարդան Գալայանը 16-18 տարեկանների մրցապայքարում անհատական կատայում դարձել է առաջնության չեմպիոն, Ջոն Երեմյանը (13 տարեկան), մասնակցելով 14-15 տարեկանների տարիքային խմբի մրցումներին, անհատական կատայում արժանացել է արծաթե, իսկ Արծրուն Օհանյանը՝ մեծահասակների անհատական կումիտեում բրոնզե մեդալի:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 683 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար