Վարչապետն ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին

20-09-2018 18:04:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը կարևորել է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի միջև համագործակցության զարգացումը, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան կրթական կապերի հետագա խորացմանը: 
 
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին և նշել, որ մեր երկրում տեղի ունեցածը ոչ միայն քաղաքական, այլև մշակութային և կրթական հեղափոխություն էր, որը լայն հնարավորություն է ընձեռել նաև կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար: Վարչապետի խոսքով՝ կրթությունը ժողովրդավարական հասարակության զարգացման ու տնտեսական առաջընթացի անկյունաքարերից է, և ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ՀՀ կրթական մեծ ներուժը նորարարությունների և ՏՏ ոլորտում, նպատակադրել է բարեփոխումներ իրականացնել Հայաստանն ագրարայինից տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղղությամբ: 
Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հաջողություն են մաղթել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը, այդ թվում՝ կրթության ոլորտում կյանքի կոչելու գործում: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու այդ գործընթացին՝ մասնավորապես, ձեռնարկատիրության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության ոլորտներում համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և կրթական ծրագրերի իրականացման միջոցով: Էրիկ Էսրաիլյանը նաև տեղեկացրել է վարչապետ Փաշինյանին, որ Կալիֆորնիայի համալսարանում առաջիկայում նախատեսվում է բացել Հայագիտության կենտրոն:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 901 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար