«Ո՞վ ա ասել, որ դուք ձեր հակակարկտային կայանքները պետք է թալանեք, տեսածին չարձագանքեք, հետո ասեք՝ հրթիռներ բերեք». Նիկոլ Փաշինյանը՝ գյուղապետին.168.am

22-09-2018 11:51:38   | Արարատի մարզ  |  Մամուլի տեսություն
168.am Քանի՞ հեկտար կաթիլային ոռոգմամբ տարածք կա և քանի՞ հակակարկտային կայան կա Արարատի մարզում: Այս հարցն այսօր Արարատի մարզպետարանում մի քանի անգամ կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն պատասխանատուներն այդպես էլ հստակ տվյալներ չներկայացրեցին:
 


«Հավաքվել ենք ամենամեծ գյուղատնտեսական մարզում, տվյալ չունենք»,- դժգոհեց Ն.Փաշինյանը:
 
Մարզպետի խորհրդական Աշոտ Վարդանյանը նշեց, որ 90 հատ հակակարկտային կայաններ կան, հիմնականում Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում են.
 
«Այսօրվա պայմաններում դրանք որոշ չափով արդյունավետ են»:
 
Ն.Փաշինյանը նշեց, որ շատ է խոսվում, որ կայաններն անարդյունավետ են, նման եզրակացության են հանգել նաև կառավարությունում քննարկման ժամանակ, սակայն Արմաս գինու գործարանի շրջակայքում խաղողի այգիներ են և դրանց սեփականատերն ասել է, որ հակակարկտային կայաններ տեղադրելուց հետո որևէ ողկույզ չի վնասվել:
 
Վարչապետը հետաքրքրվեց՝ մայիսին Սուրենավանում տեղի ունեցած կարկտի ժամանակ կայանները լիցքավորված եղե՞լ են, թե՞, ոչ:
 
Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը հայտարարեց, թե լիցքավորված եղել են, բայց արևային լիցքավորման սարքը գողացած է եղել:
 
 
«Այդպես չէ, մենք խոսել ենք այդ մասին, 4 կայաններից 3-ը լիցքավորված են եղել, 4-րդը լիցքավորված չի եղել՝ ձեր պարտքերի պատճառով»,- միջամտեց մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ նշելով, որ 3 կայաններն աշխատել են, կարկուտն ուղղել 4-րդի տարածք, ու կարկուտը «ջարդվել» է գյուղի վրա:
 
«Դնում են էդ կայանները, գումարները մսխվում են, չարաշահում են, հետո ասում են՝ չի աշխատում: Հիմա գյուղի ժողովուրդն ակնկալում է, որ կառավարությունը կարկտահարման դիմաց փոխհատուցում տա: Չեք կարծո՞ւմ, որ էդ փոխհատուցումը դուք պետք է տաք»,- գյուղապետին դիմեց վարչապետը՝ նկատելով, որ հրթիռներ բերեն, նույնպես խնդիրներ կլինեն: Նա հանձնարարեց ուսումնասիրել Արմասի փորձը:
 
Ն.Փաշինյանը դժգոհեց, որ քննարկումների ժամանակ ասվում է՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան կա, որ մենք չունենք, երբ ունենում ենք, ասում ենք՝ չէ, սա էն չէր, ինչ պետք էր:
 
«Ո՞վ ա ասել, որ դուք ձեր հակակարկտային կայանքները պետք է թալանեք, տեսածին չարձագանքեք, հետո ասեք՝ հրթիռներ բերեք: Ամեն գյուղացի իր պատասխանատվության չափը պետք է զգա: Ընդհուպ՝ ընտրություների ժամանակ: Բայց էդ ընտրությունների ժամանակ ծախսված գումարը ո՞նց պիտի հանի: Պետք է կայանքը չլիցավորի, մաս հանի, ծախի: Սա կախարդական շրջան է, որ պետք է կտրել»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 603 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար