ՀՀ Անկախության օրը Թբիլիսիում նշանավորվել է Վազգեն Ա կաթողիկոսի անվան կենտրոնի բացմամբ

22-09-2018 16:12:27   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վիրահայ համայնքը հավուր պատշաճի նշեց ՀՀ Անկախության օրը: Տոնական միջոցառումների շրջանակը հարուստ էր և հագեցած, որի նախաձեռնողները  Վիրահայոց թեմն էր, Վրաստանում ՀՀ դեսպանությունը և համայնքային կազմակերպությունները: 
2018 թվականի սեպտեմբերի 21-ին, հանդիսությունների շարանը մեկնարկեց Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում հանրապետական մաղթանքով: Թբիլիսիի  Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հանրապետական մաղթանքը նախագահեց Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արարողությանը աղոթք բարձրացվեց Հայաստանի Հանրապետության անսասանության, պետականության հզորության, ժողովրդի բարօրության համար: 
 


Եկեղեցական արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետները, համայնքային գործիչներ, հայ հասարակայնության  անդամներ: 
Հավարտ արարողության Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը  հղեց ժողովրդին: Շնորհավորելով ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարեց դժվարություններով լի անկախության տարիներին, որոնք սակայն հաստատել են, որ ազգի ճակատագրի միակ որոշողը ինքը ժողովուրդն է, նրա ազատության ջանքերը և անկախության կամքը անշրջելի են, արձանագրելով, որ  Հայաստանի անկախ պետականությունը միասնաբար գործելու, Հայաստանի բարգավաճմանը օժանդակելու աշխարհասփյուռ հայության միակ երաշխիքն է:
Տոնական օրը նշանավորվեց նաև Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում, Թեմի երիտասարդական-համայնքային կենտրոնի հանդիսավոր բացմամբ: Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ և IDeA հիմնադրամի աջակցությամբ թվով 8-րդ կենտրոնի գործունեության թիրախը լինելու է հայ երիտասարդության համախմբումը, քրիստոնեական պատվիրաններով ուղղորդումը, կենտրոնն ունի համայնքային գործունեությանը օժանդակելու նպատակ: Կենտրոնում գործելու է գրադարան-ընթերցարան՝ իր հայալեզու և օտարալեզու գրքերով: 
Նորաբաց կենտրոնը կրում է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը և նվիրվեց նրա ծննդյան 110-րդ տարեդարձին:
Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ տնօրհնեքի արարողությունից հետո կենտրոնի բացումը շնորհավորեցին, բազմաբովանդակ ու հետաքրքիր գործունեություն մաղթեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Հովհ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Թեմի լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, հայագիտության ամբիոնի մագիստր Արմենուհի Պոդոսյանը: 
Իր ամփոփիչ խոսքում Վազգեն Սրբազանը թբիլիսահայ համայնքի անդամներին հորդորեց  սիրով, ազգասիրության և հայապահպանության վեհ զգացումներով ընդգրկվել մայր հայրենիքից դուրս, եղբայրական Վրաստանում հայոց լեզուն և հայ  մշակույթը պահպանելու, զարգացնելու ազգանվեր գործին: 
Վիրահայոց թեմի «Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոս» երիտասարդական և համայնքային կենտրոնի  ղեկավարն է Թեմի երիտասարդության հարցերի բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը, աշխատանքների համակարգող՝ Նինա Սերոպովան: Կենտրոնի բացման հանդիսությունը վարեց 42273194Աննա Բադալյանը: 
Այնուհետև Ռիխեի համերգային տարածքում Վրաստանի հայ համայնք կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնահանդես, որտեղ Թբիլիսիի հայկական տարբեր գեղարվեստական խմբերի, անհատ երգիչների ու ասմունքողների կատարմամբ տարածվեց  ազգային երգը, պարը, երաժշտությունը՝ հայոց ոսկեղենիկ լեզվով: 
Թբիլիսիի սովորող երիտասարդների պալատի դահլիճում, որտեղ 1918 թվականին ստորագրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակագիրը, ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումներն ավարտվեցին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությամբ: 
ՀՀ Անկախության օրվան տարբեր միջոցառումներ տեղի ունեցան նաև Վրաստանի հայաբնակ մյուս վայրերում: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1117 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար