Եղիսաբեթ Թագուհին հիշեցրեց Նախիջեւանը


Եղիսաբեթ Թագուհին հիշեցրեց Նախիջեւանը

  • 23-09-2018 17:52:52   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Մեծ Բրիտանիայի Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձներում հիշատակվում էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, - գրում է lragir.am-ը:
 
Առաջին հանրապետությունն ընկավ ռուս-թուրքական ագրեսիայի ու սեպարատ պայմանագրերի հետեւանքով: Հայաստանի տարածքները բաժանվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ: Այդ պայմանագրերի ժամկետը լրանում է 2021 թթ.:
 
Ռուսաստանն ու Թուրքիան պարտվել էին Առաջին աշխարհամարտում եւ իրենց խնդիրները լուծեցին այդ թվում հայկական շահերի ու տարածքների հաշվին:
 
Նոր աշխարհակարգի համար ներկայում «հիմք» է ընդունվում Առաջին աշխարհամարտից հետո ստեղծված ստատուս-քվոն, մինչ ռուսները պնդում են Երկրորդ աշխարհամարտի արդյունքների վրա, որին իրենք եղել են հաղթողների մեջ: Սակայն Յալթայի համաձայնությունները փլուզվել են ԽՍՀՄ փլուզմամբ: Արցախի պատերազմում հաղթանակը Յալթայի աշխարհի փլուզման քաղաքական տրամաբանության մեջ է:
 
Այս պարագայում քաղաքական օրինաչափություններն ակնհայտ են:
 
Եղիսաբեթ Թագուհու ուղերձում ասվում է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը: Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը, և ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»:
 
Հայ-բրիտանական պատմական սերտ կապերի օրինակ է Առաջին հանրապետության օրոք՝ 1919 թ. մայիսին Բրիտանական զորքերի աջակցությամբ Նախիջեւանի ազատագրումը թուրք-թաթարական զորքերից: Հետագայում ռուսները Նախիջեւանը նվիրեցին Ադրբեջանին՝ ռուս-թուրքական համաձայնությամբ:
 
Բրիտանիայի հետ հարաբերություններում կան նաեւ բացասական դրվագներ: Ընդհանրապես, քաղաքականության մեջ ցանկացած զարգացում իմաստավորվում է անկախ պետականության պայմաններում: Արեւմտյան երկու առաջատար պետությունների ղեկավարների կողմից Առաջին հանրապետության հիշատակումը հատկանշական է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական