Դադիվանքի գյուղապետը հրաժարական է տվել.«Հետք»


Դադիվանքի գյուղապետը հրաժարական է տվել.«Հետք»

  • 24-09-2018 14:36:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի Դադիվանք համայնքի ղեկավար Ալվարդ Օհանյանը պաշտոնից հրաժարական է տվել։ «Հետք»-ի ունեցած տեղեկություններով, Դադիվանք են այցելել Շահումյանի շրջանի վարչակազմի ներկայացուցիչները եւ այդ լուրն առաջինը հայտնել գյուղացիներին։ Հիշեցնենք, որ դադիվանքցիները մի քանի օր բողոքի ակցիա են իրականացրել գյուղապետի հրաժարականի պահանջով, նշելով, որ նա գյուղին հատկացված շինանյութը սեփական կարիքների համար է օգտագործել։ 
 
Սակայն գյուղում վստահ են, որ Օհանյանը, չնայած հրաժարականին, այդպես էլ որեւէ իրավական պատասխանատվության չի ենթարկվելու։ Ալվարդ Օհանյանը գյուղը կղեկավարի մինչ նոր գյուղապետի նշանակումը, արդեն ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։ 
 
«Հետք»-ի հետ զրույցում Ալվարդ Օհանյանը հաստատեց իր հրաժարականի մասին տեղեկությունների հավաստիությունը։ Նա ասաց, որ հրաժարական այսպես թե այնպես տալու էր, պայմանավորված առողջական խնդիրներով։ Ինչ մնում է որպես աջակցություն ստացած գույքն անձնական նպատակներով օգտագործելուն, ասաց․ «Ես չեմ արել ոչինչ, որը հետո ճակատագրական դառնա Արցախի համար։ Ես իմ հրաժարականը նախօրոք եմ գրել։ Նախորդ վարչակազմի ղեկավարի կառավարման ժամանակ ես նույնպես խնդրել էի ինձ ազատել աշխատանքից, բայց պատասխանել էին, թե համայնքում ինձ հետ կապված մեծ ծրագրեր ունեն։ Գյուղը ունի խելացի երիտասարդներ, վարչակազմի աշխատակազմից կգան, կընտրեն մեկին։ Հո՞ ինձանով չի սկսել Դադիվանքը ու չի վերջանալու»։ 
 
Նա հայտնեց, որ հրաժարականի դիմում գրել եւ վարչակազմին ներկայացրել է դեռեւս սեպտեմբերի 1-ին, սակայն նրան հորդորել են գնալ արձակուրդ եւ հետո նոր որոշել՝ շարունակել պաշտոնավարումը, թե ոչ։ Ալվարդ Օհանյանը մանկավարժ է։ Արդեն խնդրել է դպրոցի տնօրենին, որպեսզի իր համար դասաժամեր պահեն։ 
 
Դադիվանքի նոր գյուղապետը նշանակվելու է Շահումյանի շրջանի վարչակազմի կողմից, հոկտեմբերի 1-ին։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ Դադիվանքի գյուղապետի նոր թեկնածուն գյուղի շտապօգնության մեքենայի վարորդն է։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը