Աշնանային դեպրեսիան առավել սուր զգում են խոցելի խմբերը, որոնք վերականգնման փուլ անցնելու ժամանակ չունեն. Հոգեբան


Աշնանային դեպրեսիան առավել սուր զգում են խոցելի խմբերը, որոնք վերականգնման փուլ անցնելու ժամանակ չունեն. Հոգեբան

  • 24-09-2018 15:16:31   | Հայաստան  |  Հասարակություն

 
Աշնանային դեպրեսիան բնականոն երևույթ է, որը պայմանավորված է եղանակային փոփոխություններով և արտահայտվում է հիմնականում տրամադրության որոշակի անկմամբ: 
 
Ըստ հոգեբան Միհրդատ Մադաթյանի՝ ձմեռը հենց բնության դեպրեսիայի շրջան է, իսկ մարդը որպես բնության մի մասնիկ՝ նույնպես մտնում է դեպրեսիվ վիճակի մեջ:
 
Նրա փոխանցմամբ՝ այս շրջանում եղանակային փոփոխություններն իրենց մաշկի վրա առավել սուր զգում են խոցելի խավի ներկայացուցիչները: 
 
«Ողջ աշխարհում գարնանը և աշնանը եղանակային փոփոխությունների հետ կապված տեղի են ունենում տրամադրության որոշակի անկումներ: Որոշ երկրներում նույնիսկ այդ փոփոխություններից խուսափելու համար հատուկ լուսավորություն են ստեղծել, որն ամառվա լույսի պես է, որպեսզի կարողանան ստաբիլ պահել մարդու վրա եղանակային փոփոխության շրջանը»,- նշեց Մ. Մադաթյանը՝ հավելելով, որ դեպրեսիայի դրսևորումներից է նաև ախորժակի պակասը, քնի խանգարումը, շփումների սահմանափակումը, անհուսության զգացումը:  
 
Հոգեբանի պարզաբանմամբ՝ խոցելի խմբեր ասելիս՝ նկատի ունի այն մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով հիվանդանում են կամ ֆիզիկական վնասվածքներ ստանում, բայց չեն կարողանում լիարժեք վերականգման փուլ անցնել: 
 
Նրա խոսերով՝ խորհրդային շրջանում, երբ մարդը հիվանդանում էր, դրանից հետո նրան ուղարկում էին վերականգնման, իսկ այսօր մարդիկ ոչ դրա ժամանակը ունեն, ոչ էլ հնարավորությունը: 
 
«Դեպրեսիան սկսում է ծանրացնել մարդու և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան վիճակը, և մարդիկ սկսում են դիմել մասնագետների, եթե ծանր է վիճակը: Իսկ եթե թեթև դեպրեսիա է, մարդիկ իրենցով կարողանում են դուրս գալ այդ վիճակից»,- ընդգծեց մասնագետը: 
 
Վերջինս անդրադառնալով Գյումրիում անցկացված Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովին՝ նկատեց, որ այն օգտակար է ոչ միայն խելացի մարդկանց համար իմացական առումով,  այլև՝ շփումների: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play