Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

  • 24-09-2018 16:46:10   | Հայաստան  |  Մշակույթ



 
 
Դմիտրի Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիայի ներկայացմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր նոր՝ 2018/2019 համերգաշրջանը։ Այս համերգաշրջանը հատկապես հիշարժան է նվագախմբի համար, քանի որ առաջին անգամ կոլեկտիվն իր նոր ստեղծագործական փուլի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում՝ որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։
Երեկոյի բացման հանդիսավոր արարողության սկզբում ներկայացվեցին նվագախմբի նախորդ համերգաշրջանի արդյունքները։
 
Մասնավորապես, 2017/2018 համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվն ունեցել է 48 համերգ՝ առաջինը՝ Լոնդոնում՝ «Գրամոֆոն» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։ Անցած համերգաշրջանում անցկացվեցին Խաչատրյանի 5-րդ միջազգային, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, մերօրյա լեգենդ Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական, «Արմենիա» միջազգային փառատոները։ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կայացավ Սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ ելույթներով։ Նվագախմբին ունկնդրել է 23931 հանդիսատես, 10252-ը՝ արտասահմանում, 1 միլիոն 624 հազար առցանց դիտում՝ առցանց հեռարձակված 26 համերգների ընթացքում։ Նվագախմբի կազմում ակտիվ գործունեություն են ծավալում 5 անսամբլները։ Հայկական երաժշտական շտեմարանը կհարստացնեն Սիմֆոնիկ նվագախմբի 158 աուդիո և 140 վիդեո ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվի հետ ելույթ է ունեցել 18 երկիր ներկայացնող 47 արտիստ՝ անվանի երաժիշտներ, որոնց կատարումները զարդարում են աշխարհի լավագույն բեմերը։ 
Մեդիչի TV-ով հեռարձակվել է նվագախմբի 4, euronews.com-ով՝ 1 համերգ։ Արտասահմանյան մամուլը Սիմֆոնիկի գործունեությունը լուսաբանել է իր 135 հրապարակումներով, տեղական լրատվամիջոցները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին անդրադարձել են 1150 անգամ։ 
Այս ծավալուն և ներկայացուցչական համերգաշրջանից հետո Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացում է իր նոր շրջափուլը՝ ռուսական երաժշտական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկի ներկայացմամբ։ Շոստակովիչի՝ սիմֆոնիկ մեծ կազմի համար գրված 8-րդ սիմֆոնիան բաղկացած է 5 մասից։ 1943 թվականին գրված և դիրիժոր Մռավինսկուն նվիրված սիմֆոնիկ այս գործն առաջին անգամ կատարվել է Մոսկվայում, իսկ մոսկովյան պրեմիերայից հետո այն ներկայացվել է Նյու Յորքում, այդ կատարումը հեռարձակվել է ԱՄՆ 134 և Լատինական Ամերիկայի 99 ռադիոկայաններով, ինչի շնորհիվ ունկնդիրների թիվը հասել է 25 միլիոնի։ 
Շոստակովիչի ոչ մի ստեղծագործությունում չենք կարող հանդիպել տեմպերի այսքան կտրուկ ու հաճախակի փոփոխություններ, դրամատիկ բովանդակություն, ինչը երաժշտական լարվածության մեջ է պահում ունկնդրին։ 8-րդ սիմֆոնիան ունի բազմաթիվ ներքին կոնֆլիկտներ՝ և՜ ողբերգական, և՜ դրամատիկական։ Սակայն ընդհանուր առմամբ, ինչպես հեղինակն է խոստովանել, սա լավատեսական և կենսական մեծ լիցք հաղորդող ստեղծագործություն է։ Եվ սիմֆոնիայում նկարագրված դրամատիզմն իր ողջ ծավալով ու մեծ պրոֆեսիոնալիզմով սեպտեմբերի 22-ին երաժշտասերներին է հաղորդել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play