«Ինձ վրա բոչկա ես գլորել».Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը ստիպել է միայնակ մորը աշխատանքից ազատվելու դիմում գրել
24-09-2018 18:47:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Հարգելի բարեկամներ: Այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել եւ այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին», - գրում է վարչապետի աշխատակազմի աշխատակից ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», - ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ եւ եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»:
Դիմելով հանրությանը` Ն. Գրիգորյանն ասում է. «Սիրելի բարեկամներ:
Ես կոռուպցիոներ չեմ եւ ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի եւ ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի: Գործերի կառավարությունում ցինիկ եւ արհամարհական վերաբերմունքի են արժանանում բոլոր աշխատողները, սակայն լռում են: Վախից: Իսկ ես եւ էլի մի հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների. արդյունքում գործազուրկ դարձանք»:
Ն. Գրիգորյանն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իր քույրերը, մորաքույրը, հորաքույրը եւ հարյուր հազարավոր քաղաքացիներ` մոլորված քաղաքացիներ. «Իրականում ո՛չ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ո՛չ արդարություն, ո՛չ մարդասիրություն: Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ եւ օրվա հաց գնելու հնարավորություն այլեւս չունի»: