Գերմանիայի ATOS կլինիկաների պատվիրակության այցը Հայաստան

25-09-2018 18:07:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող գերմանական հանրահայտ ATOS կլինիկաների Մյունխենի, Հայդելբերգի, Քյոլնի մասնաճյուղերի վնասվածքաբանական վիրաբուժության և սպորտային բժշկության մասնագետների խմբին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական փորձի փոխանակման, համագործակցության հնարավոր ուղղությունների հեռանկարները: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հայկական կողմի մեծ հետաքրքությունն առողջապահության ոլորտում երկկողմ կապերի սերտացման, Գերմանիայում օրթոպեդիայի ոլորտում կիրառվող նորարարություններին ծանոթանալու և Հայաստանում դրանք կիրառելու հնարավորությունների առումով:
 


Պատվիրակության` Հայաստան առաջին այցի նպատակն է ծանոթանալ հայաստանյան առողջապահական ոլորտին, հայ գործընկերների հետ մասնագիտական կապեր հաստատել, փորձի փոխանակման ու մասնագիտական խնդիրներ քննարկել, ինչպես նաև համագործակցություն հաստատել հայ բժիշկների և հայաստանյան բուժհաստատությունների, մարզական ասոցիացիաների և այլ կառույցների միջև:
 
Գերմանական կողմի ներկայացուցիչներն իրենց հերթին հետաքրքրվել են գործակցության հնարավոր ուղղություններով ու ընդգծել, որ անգամ Հայաստանի նման փոքր երկրի հետ տեսնում են նոր համատեղ նախաձեռնությունների հեռանկարներ:
 
Ժամանող հյուրերի թվում են Մյունխենի կլինիկայի գլխավոր տնօրեն Սաբինա Հեքմանը, Հայդելբերգի կլինիկայի բժշկական ծառայության փոխտնօրեն, ուսային և արմնկային հոդերի, վնասվածքաբանական վիրաբուժության և սպորտային բժշկության մասնագետ դոկտոր Սվեն Լիխտենբերգը, գերմանական հիվանդանոցային կոնցեռնների միջազգային հարցերով խորհրդատու, փորձագետ Անաիդ Յանսենը,  Քյոլնի ATOS կլինիկայի արթրոսկոպիայի, ուսի, ձեռքի վիրահատությունների և սպորտային վնասվածքաբանության գլխավոր բժիշկ դոկտոր Դիրկ Տենները, Մյունխենի ATOS կլինիկայի գլխավոր վիրաբույժ, վիրաբույժ-օրթոպեդ, էդրոպրոտետիկ վիրաբուժության կենտրոնի տնօրեն դոկտոր Ռայմունդ Ֆյոլկերը,  բժշկական  ռազմավարության և հիվանդանոցային ֆինանսավորման հարցերով ATOS կլինիկայի տնօրենի  խորհրդական Նաիրա Նակեն:
 
Հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են մասնագետների այցերը Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական  կենտրոնում, «Wigmore» բժշկական կենտրոնում, «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ում, որտեղ ATOS կլինիկայի բժիշկները երեխաների առողջական խնդիրների հետ կապված խորհրդատվություն կիրականացնեն և դեղորայք կնվիրաբերեն: Հանդիպում է նախատեսված «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 633 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար