Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան


Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

  • 25-09-2018 18:09:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ 
Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում թափանցիկության ապահովման և ռիսկերի չեզոքացմանն առնչվող հարցեր։ 
 
Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ ծրագրերի իրականացման ընթացքին և շեշտել, որ մարզպետարանների կողմից անհրաժեշտ է տանել հստակ վարչակազմակերպչական աշխատանքներ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և դրանց ժամկետների պահպանման ուղղությամբ։ 
 
Խոսելով վերջերս հակակարկտային կայանքների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտահոգությունների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում գույքագրել պետական, համայնքային ենթակայության և մասնավոր սեփականություն հանդիսացող հակակարկտային կայանքները՝ ներկայացնելով դրանց պահպանման արժեքի և ծասխարդյունավետության վերաբերյալ մանրամասն հաշվետվություն։ Այս առնչությամբ նախարարը հայտնել է, որ խնդիր ունենք վերլուծել ոլորտում տիրող իրավիճակը  և բացառել անարդյունավետ ու անընդհատ ծախս պահանջող կայանքների աշխատանքը։  
 
Նախարարը տարակուսանք է հայտնել համայնքների կողմից հողի հարկի և գույքահարկի հավաքագրման ներկայիս ընթացքի վերաբերյալ և մարզպետներին կոչ արել բնակիչների շրջանում տանել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ հարկերից խուսափելու իրավական հետևանքների մասին։   
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է անձամբ հետևել ֆրանկոֆոն ավանում մարզերի բովանդակային առանձնահատկությունների պահպանմանը և ձեռնարկել պահանջվող բոլոր միջոցառումները՝ մարզային կոլորիտն ու մշակութային յուրահատկությունը որակական բարձր մակարդակով ներկայացնելու համար։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն