ԱՄՆ-ն իր ներկայիս նախագահի՞ ձեռքով է կործանվելու


ԱՄՆ-ն իր ներկայիս նախագահի՞ ձեռքով է կործանվելու

  • 13-10-2018 21:12:45   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ով նշված պաշտոնը համեմատաբար վերջերս է թողել, օրերս զգուշացրել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա դաշնակիցների կողմից Իրանի դեմ իրականացվող ծայրահեղ քաղաքականության կապակցությամբ:
Ջոն Քերին ԱՄՆ արտաքին հարաբերությունների հարցերի խորհրդում ասել է. «ՀԳՀԾ-ից նախագահ Դոնալդ Թրամփի դուրս գալու պատճառով մեծացել է Մերձավոր Արևելքում լարվածության վտանգը, քանի որ կան մարդիկ, ովքեր սիրում են, որ Ամերիկան ռմբակոծի Իրանը»:
Քերիի տեղեկացմամբ, Սաուդյան Արաբիայի նախկին թագավոր Աբդուլլահ Բին Աբդուլազիզը և Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Հոսնի Մուբարաքը իրեն ասել են, որ Միացյալ Նահանգները պետք է հարձակվի Իրանի վրա, սակայն իրենք հրապարակայնորեն հայտարարել են, որ դեմ են այդ դիրքորոշմանը:
Քերին հավելել է. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Բարաք Օբամային կոչ է արել կանաչ լույս ցույց տալ Իրանի ռմբակոծությանը»:
Հիշենք, որ այս տարվա հուլիսի վերջին «ABC News»-ը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ  Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին: 
Ավելի վաղ Քերին ասել էր, որ Թրամփն Իրանի հետ ռազմական գործողությունների արդյունքում մտադիր է շեղել ամերիկյան հասարակության հանրային ուշադրությունը 2016 թ.-ին ԱՄՆ-ի ընտրություններում նրա մերձավորների և ռուսաստանցի գործընկերների հետ շփումից:
Քերին, սակայն, ամերիկյան միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, ով քննադատել է Թրամփին: Օրերս ԱՄՆ-ի նախագահի խստագույն քննադատությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ նախկին պետքարտուղարներից  Քոլին Փաուելը, ով ասել է. «ԱՄՆ-ի ժողովրդի շահերը նկատի առնելու փոխարեն, Թրամփը երկրի հարցերում գնում է իր շահերի հետևից»:
«Հաֆինգտոն Փոստ» օրաթերթի անցած երկուշաբթի օրվա հրապարակումներից մեկի  համաձայն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը քննադատելով աշխարհի ղեկավարներից սկսած, մինչև գունամորթներին, միգրանտներին ու կանանց ուղղված Դոնալդ Թրամփի վիրավորանքները, ԱՄՆ-ի նախագահին քննադատել է ԶԼՄ-ներին ժողովրդի թշնամի կոչելու պատճառով:
Փաուելը զգուշացրել է, որ աշխարհը հետևում է միգրանտների կապակցությամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը:  Նա միգրանտ երեխաներին իրենց մայրերից բաժանելու Թրամփի վարչակազմի քայլը զազրելի արարք է համարել:
ԱՄՆ նախագահի նախկին տեղակալ Ջո Բայդենն էլ Թրամփին մեղադրել է ամերիկյան արժեքների ոչնչացման մեջ: Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման, Բայդենն ասել է. «ԱՄՆ-ն կռվում է հանուն Թրամփի միջոցով ոչնչացված իր ինքնության վերականգնման»:
Նշելով, որ Մեքսիկայի ու ԱՄՆ-ի միջև պատի կառուցումը մեծ վնաս է հասցնում աշխարհում այդ երկրի ինքնությանը, Բայդենը նշել է. «ԱՄՆ-ի հասարակության մեծ հատվածը բողոքում է Սպիտակ տան քաղաքականության դեմ»:
Անդրադառնալով ԱՄՆ-ում տիրող ներկա պայմաններին, Բայդենը կանխատեսել է, որ Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում դեմոկրատները հաղթելու են հանրապետականներին:
«ԱՄՆ ժողովուրդն իր ինքնությունը կորցնելու պատճառով մոլորված վիճակում է գտնվում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի նախկին տեղակալը:
Ավելին. ԱՄՆ-ում անցկացված վերջին սոցհարցումների արդյունքները վկայել են, որ նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քվեարկել են հանրապետականների օգտին, այժմ հակված են դեմոկրատների կողմը:
Ըստ «Վաշինգտոն Պոստ» օրաթերթի հրապարակման, նշված օրաթերթի և «Ջորջ Մաոն» համալսարանի «Շար» ֆակուլտետի անցկացրած համատեղ սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի բոլոր 69 ընտրատարածքներում հավանական հանրապետական քվեարկողների զգալի մասը քվեարկելու է դեմոկրատ թեկնածուների օգտին: Այլ կերպ ասած, հանրապետականների ընտրազանգվածի մի զգալի մասն իր ձայնը տալու է դեմոկրատ թեկնածուների օգտին:
Անցկացված սոցհարցումը ցույց է տալիս, որ 69 ընտրատարածքների այն շրջաններում, որտեղից ընտրված պատգամավորները Կոնգրեսում այժմ հանրապետականներ են, քվերակողների 50 տոկոսը դեմոկրատ թեկնածուների կողմնակից են, և ընտրողների միայն 45 տոկոսն է հավանություն տալիս հանրապետական թեկնածուներին:
Հիշենք, որ ԱՄՆ-ի միջնաժամկետ ընտրություններն անցկացվելու են 2018թ. նոյեմբերի 6-ին, նրա կարևոր մասում ընտրվելու են ներկայացուցիչների պալատի 435 պատգամավորներ և Սենատի 100 պատգամավորներից 35-ը:
Թրամփի վտանգավոր քաղաքականությունը քննադատել են ոչ միայն ամերիկյան նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այլև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը: Վերջինը հերթական անգամ զգուշացրել է միջազգային հարաբերություններում ԱՄՆ նախագահի քաղաքականության բացասական հետևանքների կապակցությամբ:
Համաձայն Իրանի ռադիոհեռուստաընկերության լրատվական գործակալության հաղորդման, Գերմանիայի արտգործնախարարը Բեռլինում երկուշաբթի օրն ասել է. «ԱՄՆ-ի վարած քաղաքականության և նախագահ Դոնալդ Թրամփի քայլերի պատճառով միջազգային համակարգը հայտնվել է փլուզման եզրին»:
Հեյկո Մաասը, որպես միջազգային համակարգի ոչնչացման վտանգի փաստարկ, ներկայացրել է միջազգային համաձայնագրերից Միացյալ Նահանգների հրաժարվելը, ապա ընդգծել, որ իր երկրի և Եվրոպայի արտաքին քաղաքականությունն այժմ ծանր ու բարդ խնդիրների առջև է կանգնած:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play