Նոր սկզբունքներ ու նոր ծրագրեր. նախարարը հանդիպել է հանրապետության բժշկական կազմակերպությունների ղեկավարներին

15-10-2018 13:59:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Պետպատվերի տրամադրման սկզբունքները փոխվում են, բուժաշխատողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացվում է, իսկ ոլորտում  ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու:  Այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է ունեցել  հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ կիրակնօրյա հանդիպման ընթացքում: 
 
«Նոր կառավարության որդեգրած սկզբունքները պետական միջոցների ծախսման տեսանկյունից գուցե փոքր-ինչ ցավոտ թվան, բայց հենց դրանք են ենթադրում համակարգի առողջացում ու բարեփոխում հատկապես առողջապահության ոլորտում: Բոլորս ենք հասկանում՝ չենք կարող առաջ գնալ նախկինում եղած արատավոր երևույթներով՝ սկսած պետպատվերով տրամադրվող գումարների հավելագրումներից` վերջացրած դրանց վատնումով։ Վերջին 5 ամսում մեր քայլերը միտված են եղել հենց նման երևույթների բացառմանը և այսուհետ ևս այդպես է լինելու: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Պետք է մեկընդմիշտ ֆիքսենք` հարկատուների վճարումներից գոյացած պետական միջոցները չպետք է գողացվեն կամ անտեղի վատնվեն, իսկ գողացողները կամ վատնողները չպետք է մնան անպատիժ՝ անկախ բուժհիմնարկի սեփականության ձևից կամ դրանց սեփականատերերի և տնօրենների նախկին ու ներկա կարգավիճակից»,-շեշտել է նախարարը։
Տասնյակ բուժհաստատություններում այսօր նախարարությունն իրականացնում ու դեռ իրականացնելու է ուսումնասիրություններ: Խոշոր խախտումների ու չարաշահումների մի մասի վերաբերյալ արդեն տեղեկացվել է, մի մասի վերաբերյալ՝ դեռ ոչ: Այն, որ կան հարուցված քրեական գործեր, իրավապահներին փոխանցված գործեր, արդեն նշանակում է, որ համակարգի թափանցիկության, արդյունավետության բարձրացման ուղղությամբ շատ անելիք ունենք ու այս հարցում վճռական ենք: 
Պետբյուջեի միջոցներն, այո, չեն բավականացնում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունն ամբողջ ծավալով իրականացնելու համար, բայց միտումն այս պահին դրական է, քանի որ 2019թ. համար ունենք առողջապահական բյուջեի վերջին տարիների համար աննախադեպ աճ՝ մոտ 10.5 մլրդ դրամ, և աճին զուգընթաց այդ բացերը կլրացվեն: 
«Առողջապահական համակարգում եղած ստվերն իսպառ պետք է վերացվի՝ առանց որևէ նախապայմանի, և մենք արդեն ունենք դրական ցուցանիշեր։ Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշով` ոլորտային աճը կազմել է մոտ 30%, որի «առյուծի» բաժինը հենց ստվերի կրճատման շնորհիվ է։ Ստվերի կրճատմանը մենք, որպես կառավարություն, հասնելու ենք նաև պետպատվերի ֆինանսավորման համակարգի փոփոխություններով, երբ կկապենք պաշտոնական վճարովի ծառայությունների ծավալը պետական պատվերի ծավալի հետ՝ բյուջետային որոշ ծրագրերի համար»,-մանրամասնել է նախարար Թորոսյանը: 
Բժշկական անձնակազմի պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ արդեն քայլեր են կատարվել՝ ԱԱՊ օղակի աշխատավարձերի բարձրացումը, ստացիոնար օղակում բժիշկների վարձատրության կարգի հստակեցումը և կիրարկումը։ Այս պահին շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի` շուրջ 13 հազար բուժաշխատող կստանա բժշկական ապահովագրություն, ինչպես պետական ծառայողները և մանկավարժները։ «Ակնկալում եմ, որ նույնպիսի վերաբերմունք էլ դուք կունենաք ձեր անձնակազմերի նկատմամբ։ Ավելի լավ է բուժհիմնարկը որոշ ժամանակ աշխատի առանց շահույթի, բայց մենք ունենանք կյանքեր փրկող իրենց աշխատանքից գոհ բուժաշխատողներ, ինչն անվերապահովեն կվերածվի նաև համակարգի հանդեպ բնակչության գոհունակության»։
«Մեր երկիրն այս պահին դրական փոփոխությունների հորձանուտի մեջ է, որոնց առաջին փուլը շուտով հանգուցալուծում կստանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Արդյունքում մենք կունենանք խորհրդարան, որը կներկայացնի քաղաքական ուժերի հանրային վստահության իսկական ներկապնակը։ Ընտրությունները դե յուրե կհաստատեն այն ստատուս քվոն, որն այս պահին դե ֆակտո գոյություն ունի, ինչը թույլ կտա ավելի լայն թափով կերտել մեր երազանքների երկիրը` նաև հասանելի և որակյալ առողջապահության մասով։ Եվ մենք բոլորս մեր տեղում պետք է մասնակցենք այդ նոր՝ երկիրը դրականորեն փոխող քաղաքականությանը»,-շեշտել է նախարարը։
Նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն էլ ներկայացրել է ֆինանսական մի քանի կարևոր բաղադրիչ: Ուռուցքաբանության ոլորտին ուղղվող միջոցները 70-80 տոկոսով ավելանալու են: Նախատեսվում է «Stent for life»-ի մոդելով ծրագիր ներդնել նաև ինսուլտների համար` անհետաձգելի դեպքերում պետպատվերով տրամադրել իշեմիկ ինսուլտների  էնդովասկուլյար վիրահատական բուժումը: 
2019-ին պետբյուջեից առողջապահությանը հատկացվելու է հավելյալ գումար՝ շուրջ 10 մլրդ դրամ, որից շուրջ  6 մլրդ-ը կհատկացվի արտահիվանդանոցային ծառայություններին` շեշտադրելով կանխարգելիչ բուժօգնությունը։ 5,4 մլրդ էլ կհատկացվի ամբուլատոր ծառայություններ մատուցող կլինիկաներին` կրկին բարձրացնելով նաև աշխատավարձերը` հիմնվելով ԱԱՊ բժիշկների գործունեությունը գնահատող ցուցանիշերի վրա։ Այսինքն, նոր մեխանիզմ է ներդրվում․ ԱԱՊ բժշկի գործունեությունը կգնահատվի 27 հիմնական ցուցանիշով։
Նախարարն ու նախարարի տեղակալը պատասխանել են բուժհաստատությունների ղեկավարների բարձրացրած բոլոր հարցերին, լսել վերհանված խնդիրներն ու վստահեցրել, որ մի շարք հարցեր անպայման նորովի կառնվեն ուշադրության: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 333 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար