Մեկնարկել է ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովը.ԿԳՆ

15-10-2018 15:14:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է  ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովը, որի հիմնական նպատակն է ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների համագործակցությունը: Համաժողովի բացմանը  ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
 

Կարևորելով համաժողովի անցկացումը` Արայիկ Հարությունյանը ԿԳ նախարարության անունից ողջունել է մասնակիցներին նշելով, որ այն համընկնում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75 ամյակի հետ: Նախարարի խոսքով` հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում բազմաթիվ երկրների գիտությունների ակադեմիաների և առաջատար գիտահետազոտական  կենտրոնների պատվիրակություններ. «Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ մեր հանրապետության ժողովրդավարական արժեհամակարգի և քաղաքացիական հասարակարգի  կայացման  գործընթացներում անգնահատելի է կրթության և գիտության դերը, որը նպաստում է երկրի զարգացմանը: Համաժողովի հիմնական նպատակն է զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ համաժողովն արդյունավետ հարթակ է անդամ պետությունների միջև նորարարական նախաձեռնությունների և համատեղ գիտական նախագծերի իրականացման, ինչպես նաև ուսանողների և գիտնականների շարժունության զարգացումը խթանելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ համաժողովի ընթացքում գիտնականների միջև կձևավորվի կայուն համագործակցություն, ինչը կնպաստի գիտական համատեղ  հետազոտությունների   քանակի ավելացմանը և տարածաշրջանում երիտասարդ գիտնականների համագործակցությանը:
 
Համաժողովի մասնակիցներին  ողջունել է նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
 
Համաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 16-ին: Նախատեսվում է պլենար նիստ, որի ընթացքում ԱՊՀ պետությունների գիտնականները հանդես կգան ԱՊՀ-ում գիտության զարգացման հարցերի վերաբերյալ ելույթներով:
 
Համաժողովի շրջանակում կանցկացվեն կլոր սեղաններ` «Հիմնարար գիտության վիճակը և զարգացման հեռանկարները», «Գիտական համագործակցության կատարելագործումը թվային դարաշրջանում», «Ինովացիոն գիտական հետազոտությունները» թեմաներով:
 
Միջոցառման ավարտին համաժողովը կընդունի հռչակագիր:
 
ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովն անցկացվում է ԱՊՀ երկրների` հումանիտար ոլորտում համագործակցության 2017-2018թթ. ծրագրի համաձայն:
 
ԱՊՀ գիտնականների երկրորդ ֆորումը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից` ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Համաժողովի անցկացմանն աջակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 492 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար