Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը

  • 15-10-2018 16:25:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ  Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը:
 
    «Երևանն  ամեն օր ապրող, աշխատող ու իրեն բնորոշ խնդիրներ ունեցող քաղաք է, և մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի դրանց լուծում տալու նպատակով:  Խնդրիները շրջանցելու  աշխատաոճն  այսուհետ պետք է իսպառ վերանա: Մենք պետք է ինքներս որսանք լուծում պահանջող բոլոր խնդիրները և դրանց տանք համապատասխան լուծումներ՝ մինչ այն պահը, երբ այդ մասին կբարձրաձայնեն քաղաքացիները: Այս կերպ երևանցիները կհասկանան, որ մենք ամեն օր   անում ենք մեր աշխատանքը: Այսուհետ մեզ դիմած  յուրաքանչյուր բնակչի պետք է տրվի  լիարժեք պատասխան՝ նախ պետք է հասկանալ, արդյոք տվյալ խնդրի լուծումը քաղաքապետարանի լիազորության շրջանակում է թե ոչ, ապա առաջարկել լուծման տարբերակներ»,-նշել է քաղաքապետը և հավելել, որ քաղաքային տնտեսությանը վերաբերող ցանկացած հարց կարող է լուծում ստանալ, եթե յուրաքանչյուրն իր հերթին և իր տեղում հետևողականորեն կատարի իր պարտականությունները: 
«Ըստ այդմ, ակնկալում եմ, որ   մեր թիմում  իր աշխատանքը շարունակող յուրաքանչյուր աշխատակից  հստակ գիտակցի, որ իր կատարած աշխատանքի  համար կրում է 100 տոկոսանոց պատասխանատվություն: Մենք ծառայելու ենք Երևանի բնակիչներին և ամեն հարցում հաշվետու ենք լինելու առաջին հերթին նրանց առաջ: Ես իմ որոշումը կայացրել եմ և առաջիկա 5 տարին ծառայելու եմ մեր քաղաքին և նրա բնակիչներին:  5 տարի պահպանելու եմ այն կանոնները, որոնց համաձայն աշխատելու ենք բոլորս, և 5 տարի վերահսկելու եմ, որ  այդ կանոնները պահպանվեն բոլորիս կողմից: Ես լինելու եմ 100 տոկոսով ազնիվ մեր բնակիչների հետ: Եվ  եթե որոշում կկայացնեք  մնալ և աշխատել նոր կանոններով, ապա նույնը պահանջվելու է նաև ձեզանից»,-նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը: 
Անդրադառնալով  օրակարգային հարցերին՝  կենսապահովման և քաղաքային տնտեսության ոլորտային պատասխանատուները  քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են ընթացիկ աշխատանքների  և առաջնային լուծում պահանջող խնդիրների մասին:
Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, փողոցների բարեկարգման և վթարային պատշգամբների  վերանորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացիկ ծրագրերին զուգահեռ մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ  հստակեցված է «Էրեբունի–Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումների ծրագիրը: Հոկտեմբերի 21-ի տոնական  օրվա ընթացքում կազմակերպված բազմաժանր միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում  կայանալիք գալահամերգով:
Քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատակազմի համապատասխան վարչություններին, վարչական  շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի ենթակայության  կառույցների ղեկավարներին հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել ամենօրյա աշխատանքները՝ տեղեկացնելով, որ առաջիկայում  ըստ ոլորտների կքննարկվեն առաջնային լուծում պահանջող բոլոր հարցերը, որոնց կտրվեն համապատասխան լուծումներ:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն