Զրոյական սով. այսօրվա մեր գործողությունները վաղվա մեր ապագան են.Խոսե Գրացիանո դա Սիլվա


Զրոյական սով. այսօրվա մեր գործողությունները վաղվա մեր ապագան են.Խոսե Գրացիանո դա Սիլվա

  • 16-10-2018 15:20:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ընդամենը երեք տարի առաջ, 2015-ի սեպտեմբերին, Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունները հաստատեցին «Կայուն զարգացման 2030 օրակարգը»։ Սովի և թերսնման բոլոր ձևերի վերացումը (Կայուն զարգացման նպատակ 2) աշխարհի պետությունների ղեկավարների կողմից սահմանվեց որպես Օրակարգի հիմնական նպատակ և պարտադիր պայման՝ ավելի անվտանգ, ավելի արդար և ավելի խաղաղ աշխարհ ունենալու համար։ 
Զարմանալիորեն, այդ ժամանակից ի վեր սովի մակարդակն աշխարհում շարունակել է աճել։ Ըստ վերջին գնահատականների՝ աշխարհում թերսնված մարդկանց թիվը 2017 թվականին աճել է, այսինքն՝ արդեն երրորդ տարին անընդմեջ։ Նախորդ տարի աշխարհում սովյալների թիվը եղել է 821 մլն (աշխարհի բնակչության 11 տոկոսը՝ մոլորակի յուրաքանչյուր իններորդ բնակիչը), որոնց մեծ մասը Աֆրիկայի Ենթասահարայի հատվածի և Հարավարևելյան Ասիայի չքավոր գյուղական շրջաններում ընտանեկան բնատնտեսություն վարող ֆերմերներ են։
Սակայն թերսնված մարդկանց թվի աճը մեր առջև ծառացած միակ խոշոր մարտահրավերը չէ։ Նկատվել է նաև թերսնման այլ ձևերի աճ։ 2017 թվականին 1.5 միլիարդ մարդ ունեցել է սնուցողական միկրոտարրերի անբավարարություն, որը վնաս է հասցրել նրանց կյանքին ու առողջությանը։ Միևնույն ժամանակ՝ գիրության մակարդակը չափահասների շրջանում շարունակում է աճել՝ 2012 թ. 11.7%-ից հասնելով 13.3%-ի (կամ 672․3 մլն մարդու)՝ արդեն 2016 թվականին։
Սովը հիմնականում տարածվում է կոնկրետ տարածքների սահմաններում, մասնավորապես այնպիսի վայրերում, որտեղ առկա են հակամարտություններ, երաշտներ և ծայրահեղ աղքատություն, մինչդեռ գիրությունը ամենուր է և շարունակում է աճել ամբողջ աշխարհում։ Ի դեպ, մենք ականատես ենք լինում գիրության գլոբալացման երևույթին։ Օրինակ, գիրության մակարդակն ավելի արագ է աճում Աֆրիկայում, քան որևէ այլ տարածաշրջանում. աշխարհում չափահասների շրջանում գիրության մակարդակի ամենաարագ աճ ունեցող 20 երկրներից ութը գտնվում են Աֆրիկայում։ Ավելին, 2017 թ. դրությամբ մինչև հինգ տարեկան 38 մլն երեխա տառապել է մանկական գերքաշությամբ։ Այս երեխաների մոտ 46 տոկոսը բնակվում է Ասիայում, իսկ 25 տոկոսը՝ Աֆրիկայում։ 
Եթե կոչ չանենք ձեռնարկել գիրության աճի տեմպերը կանգնեցնող միջոցներ, հնարավոր է՝ շուտով աշխարհում ունենանք ավելի շատ գեր, քան թերսնված մարդ։ Գիրության աճի համար վճարվում է հսկայական սոցիալ-տնտեսական գին։ Գիրությունը ռիսկային գործոն է մեծ թվով ոչ վարակիչ հիվանդությունների համար, ինչպիսիք են սրտային հիվանդությունները, կաթվածը, շաքարախտը և քաղցկեղի որոշ տեսակներ։ Ըստ գնահատականների, գիրության համաշխարհային տնտեսական ազդեցությունը կազմում է տարեկան մոտ 2 տրիլիոն ԱՄՆ դոլար (համաշխարհային ՀՆԱ-ի 2.8 տոկոսը)։ Սա հավասարազոր է ծխելու կամ զինված հակամարտությունների ունեցած ազդեցությանը։
Այս տարվա Պարենի համաշխարհային օրվա (նշվում է ամեն տարվա հոկտեմբերի 16-ին) նպատակն է միջազգային հանրությանը հիշեցնել մարդկության նկատմամբ իր հիմնարար քաղաքական հանձնառության՝ թերսնման բոլոր ձևերի վերացման մասին, և բարձրացնել իրազեկվածության մակարդակն այնպես, որ դեռ հնարավոր լինի 2030 թվականին (այսինքն՝ 12 տարի հետո) հասնել սովի զրոյական մակարդակի։ Այս առումով լավ օրինակ է Բրազիլիայի փորձը։ 
Ըստ ՊԳԿ-ի գնահատականների, սովի մակարդակը Բրազիլիայում հնարավոր եղավ նվազեցնել 2000-ական թվականների սկզբին արձանագրված՝ ընդհանուր բնակչության 10.6 տոկոսից (մոտ 19 մլն մարդ) մինչև 2.5 տոկոսից էլ պակաս (2008-2010 եռամյակում), որն այն նվազագույն արժեքն է, որից ելնելով ՊԳԿ-ն կարող է կատարել հիմնավորված վիճակագրական հետևություն։ Թերսնված մարդկանց թվի այս կրճատումը հիմնականում հնարավոր եղավ նախկին նախագահ Լուլայի հաստատակամ հանձնառության և ծայրահեղ աղքատության ու երկրի հյուսիսարևելյան հատվածում տևական երաշտների հետևանքների դեմ պայքարող հանրային քաղաքականության և սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացման շնորհիվ։
Իրականում սովի վերացման գործում կառավարություններն ունեն ամենաառաջնային դերը՝ ապահովելով, որ խոցելի խմբերը ստանան սննդի ձեռքբերման համար անհրաժեշտ եկամուտ կամ ունենան այդ սնունդն ինքնուրույն արտադրելու միջոցներ՝ նույնիսկ հակամարտության պայմաններում։ 
Աշխարհի պետությունների ղեկավարները, սակայն, պետք է հիշեն, որ «Զրոյական սով» հասկացությունն ավելի ընդգրկուն է և չի սահմանափակվում թերսնման դեմ պայքարով։ Այն նպատակ ունի մարդկանց ապահովել առողջ կյանքի համար անհրաժեշտ սննդատարրերով։ Զրոյական սովի գաղափարն ընդգրկում է թերսնման բոլոր ձևերի վերացումը։ Այսինքն՝ այն վերաբերում է ոչ թե պարզապես մարդկանց կերակրելուն, այլ նաև առողջ սնուցում ապահովելուն։ 
Ներկայում աշխարհում գոյություն ունեցող պարենային համակարգերը ընդլայնել են հարուստ կալորիականություն և էներգետիկ արժեք, ճարպերի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ վերամշակված սննդի առկայությունն ու հասանելիությունը։ Պարենային համակարգերը պետք է այնպիսի փոփոխությունների ենթարկվեն, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան սպառել առողջ և սննդարար ուտելիք։ Մենք պետք է գիրության խնդիրը դիտարկենք որպես հանրային, այլ ոչ թե անհատական խնդիր։ Սա պահանջում է բազմոլորտային մոտեցման որդեգրում, որը ենթադրում է ոչ միայն կառավարությունների, այլ նաև միջազգային կազմակերպությունների, ազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնավոր հատվածի և ընդհանրապես քաղաքացիների ներգրավվածություն։ 
Պետք է հավաքական ջանքեր գործադրվեն առողջ սննդակարգերի ձևավորման համար, որոնք կներառեն, օրինակ, պիտակավորման և վնասակար բաղադրիչների արգելման մասին նորմերի մշակում, ճիշտ սնուցման դասընթացի ընդգրկում դպրոցների ուսումնական ծրագրերում, սննդի կորուստն ու վատնումը կանխող մեթոդների որդեգրում և ընտանեկան ֆերմերական տնտեսությունների կողմից տեղերում աճեցվող թարմ և սննդարար մթերքի հասանելիությունը չխոչընդոտող առևտրային համաձայնագրերի կնքում։ 
2018 թ. Պարենի համաշխարհային օրվա ուղերձը հետևյալն է՝ «Մեր գործողությունները մեր ապագան են»։ Ժամանակն է վերանայել մեր հանձնառությունը և, որ ավելի կարևոր է, քաղաքական աջակցությունը՝ ուղղված սովից և թերսնման բոլոր ձևերից զերծ կայուն աշխարհի ստեղծմանը։

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն