Իմ նշանակումն ինձ համար շատ պարտավորեցնող է. Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16-10-2018 16:12:30 | Հայաստան | Հասարակություն
«Իմ նշանակումն ինձ համար շատ պարտավորեցնող է»,- հոկտեմբերի 16-ին կայացած կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայ մարդ, եթե ունի որոշակի հնարավորություններ ծառայելու պետությանը, ապա պարտավոր է ծառայել:
Հ. Պողոսյանի խոսքերով՝ նոր պաշտոնում իր նշանակումն ասվածի վառ ապացույցն է, և ինքը պատրաստ է ծառայել նոր Հայաստանում:
Լրագրողի այն հարցին, թե ինչ է պատկերացնում, երբ ասում է նոր Հայաստան, նորանշանակ մարզպետը նշեց, որ նկատի ունի նոր իրողություններ.
«Կա ընդհանուր մոտեցում, որ այլևս չպետք է լինի կոռումպացված իշխանություն և իրավապահ համակարգ: Մարդիկ պետք է հասկանան ու ընկալեն, որ վերջ: Ով չի հասկանում և չի ընկալում, ով սովոր է գողություն կատարելուն, բնականաբար տեղ չի ունենա նոր Հայաստանում»,- նշեց նա: