«Վերադարձ անցյալի չկա, լինի դա սահմանների թե կարգավիճակի առումով». Դավիթ Բաբայանի պատասխանը՝ Ռիչարդ Միլսին.168.am

16-10-2018 16:41:38   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
 


«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:
 
Դեսպանի այս հայտարարության վերաբերյալ 168.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով նախ՝ զարմացավ դեսպանի այդ հայտարարությունից, ապա հստակեցրեց՝ չունենք գրավված տարածքներ հասկացություն. «Օկուպացիան իր մեջ պարունակում է հետևյալ հանգամանքները՝ ուրիշի տարածքի զավթումը՝ սեփական կարիքների համար, նախօրոք ծրագրավորված զավթում։ Մենք որևէ մեկի տարածքը չենք զավթել՝ ինչ-ինչ պատճառների, սեփական կարիքների համար։ Արցախյան շարժման վերջին փուլը, որն սկսվել է 1988թ., այնտեղ որևէ խնդիր չի եղել տարածքների վերաբերյալ, Արցախը փորձել է ինքնորոշվել, որովհետև մեզ համար գոյության տարբերակ չկար Ադրբեջանի կազմում։ Հետևաբար՝ այն ժամանակ մենք մտածում էինք, որ կարգավիճակի փոփոխությունն ավտոմատ թույլ կտա մեզ գոյատևել, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ. Ադրբեջանը հարձակվեց, փորձեց ոչնչացնել մեզ, ցեղասպանություն կատարեց ամբողջ նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Հիմա մենք որպեսզի փրկվենք, ստիպված եղանք կրակակետեր ոչնչացնել, և փոխվեց քարտեզը, փոխվեցին սահմանները։ Իհարկե, օկուպացված տարածքները պետք է վերադարձնենք, բայց մենք չունենք օկուպացված տարածքներ»։
 
Դավիթ Բաբայանն ընդգծեց. «Եթե խոսվում է սահմանների մասին, այդ դեպքում թող ասեն, թե Շահումյանի շրջանը հիմա ո՞ւմ վերահսկողության տակ է, Ադրբեջանն այն չի՞ օկուպացրել, կամ Գետաշենը, Հյուսիսային Արցախը։ Նախիջևանի խնդիրը պետք է դնենք, և Արցախն իրավունք ունի դա դնելու, որովհետև մենք նույն կազմավորման կազմում էինք և տեսանք, թե ինչ ճակատագիր ունեցավ Նախիջևանը։ Հիմա, եթե մենք խոսում ենք կարգավորման մասին, մենք պետք է խոսենք համապարփակ կարգավորման մասին, այնպիսի կարգավորման մասին, որ դրանից հետո որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի՝ հարձակվել և հարցը կարգավորել ուժային տարբերակով։ Իսկ եթե Արցախը սահմանների առումով վերադառնում է 1988 թիվը, ապա, բացի նրանից, որ լինելու է սարսափելի հարված մեր անվտանգությանը, ինքնությանը, սա նաև կլինի գայթակղության աղբյուր։ Հետևաբար՝ վերադարձ անցյալի չկա, լինի դա սահմանների թե կարգավիճակի առումով։ Բացի դրանից, չգիտես՝ ինչու, խոսում են միայն մեր մասին։ Իսկ Ադրբեջանը չպե՞տք է հրաժարվի իր ֆաշիստական հռետորաբանությունից, չպե՞տք է վերանայի իր քաղաքականությունը»։
 
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը նկատեց՝ պետք է համապարփակ մոտեցում լինի, բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի Արցախի հիմնահարցը կարգավորվի, այլ տարբերակ չկա։
 
Թե ինչո՞ւ է հենց այս փուլում դեսպանը նման հայտարարություն անում, Դավիթ Բաբայանը չգիտի, խորհուրդ է տալիս հենց իրենից հարցնել. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները բազմիցս նշել են՝ իրենք դատավորներ չեն, իրենք պարզապես միջնորդներ են։ Այստեղ որևէ տարբերակ որևէ մեկը չի պարտադրելու որևէ մեկին։ Հետևաբար՝ սա իր սեփական կարծիքն է, մենք ընդունում ենք տարբեր կարծիքներ, բայց միշտ ասում ենք, որ մենք էլ մեր տարբերակն ունենք։ Նախ՝ պետք է վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը, երկրորդ՝ բոլորի համար պարզ լինի, որ մենք վերադարձ չունենք անցյալին»։
 
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպասվելիք այցի և դեսպանի հայտարարության միջև Դավիթ Բաբայանը կապ չի տեսնում։
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 865 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար