16-10-2018 17:36:42 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այն այս անգամ նվիրված է Երևանի 2800-ամյակին:
Խոսելով նմանատիպ միջոցառումների կարևորության մասին՝ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը մասնավորապես նշեց. «Սա հիանալի հնարավորություն է Հայաստանում սիրիահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը աջակցելու, իրենց արտադրությունը ներկայացնելու, գումար վաստակելու, տեղական շուկա նոր շունչ և նոր մշակույթ բերելու և փոքր ու միջին բիզնեսի ոլորտում մրցակցությանը նպաստելու համար»:
Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում այսօր և վաղը 50-ից ավելի սիրիահայեր հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքներն ու զարդերը, քաղցրավենիք ու արևելքի համային բազմերանգությամբ ֆալաֆել: