Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին

16-10-2018 17:43:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք  այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում այն ճանապարհը, որը միասին անցել ենք: Իհարկե, նաև այս անցումային շրջանում մենք պետք է որոշակի համաձայնություններ արձանագրենք, որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ և հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս ընթացքում նաև որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին,  որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու  կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք: Չնայած այս ընթացքում անընդհատ շփման մեջ ենք եղել, նաև  ճգնաժամի պահին, բայց ևս մեկ անգամ հանդիպել, քննարկելու առիթը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք հրավերին»: 
Իր հերթին, Արամ Սարգսյանն ասել է. «Մենք նույնպես շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար: Ջանասիրությամբ ու գործին նվիրվածությամբ, եռանդով ինչպես աշխատել ենք «Ելք» դաշինքում միասին՝ որպես խմբակցության ղեկավար և որպես խմբակցության անդամներ, այնպես էլ շարունակելու ենք աշխատել անկախ նրանից, թե որ քաղաքական թևը կամ ինչ մոտեցում կներկայացնենք: Այս խնդրում միանշանակ կողմնակից ենք իրավական ճիշտ լուծումների: Իրավաբանների առաջարկած ցանկացած մոտեցում, ինչը ձեռնտու է վարչապետին, մեզ միանշանակ ձեռնտու է»: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 548 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար