«Մենք լավագույնն անում ենք սիրիահայերի ինտեգրման համար». Մխիթար Հայրապետյան

17-10-2018 12:52:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց  գործունեությամբ:
 
Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և նպատակ ունի նպաստելու Հայաստանում սիրիահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը: «Այսօրինակ միջոցառումները լինելու են շարունակական ինչպես սփյուռքի նախարարության, այնպես էլ միջազգային և մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ: Սա թվով 24-րդ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն է: Նախորդ անգամ, երբ ՀՀ անկախության տոնին նվիրված ցուցահանդես այցելեցի, հիմնական խնդիրները, որ բարձրաձայնվում էին սիրիահայերի կողմից, կապված էին տաղավարների վարձակալության հետ: Սիրիահայերն ինձ խնդրեցին որևէ լուծում գտնել: Եվ մենք անմիջապես բանակցություններ սկսեցինք «Տաշիր Սթրիթ»-ի հետ, հաջողվեց գալ համաձայնության»,-նշեց Մխիթար Հայրապետյանը: Նա հավելեց, որ շուրջ 4 տասնյակ սիրիահայերի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործող «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում կտրամադրվեն տաղավարներ մեկ տարի ժամկետով, վարձակալության առաջին երեք ամիսները կլինեն անվճար, իսկ մյուս ինը ամիսների ընթացքում նախատեսված 60 հազար դրամ ամսավճարի փոխարեն սիրիահայերը կվճարեն 30 հազար դրամ: Այս ամենը Մխիթար Հայրապետյանը համարեց քայլ առաջ: 
«Մենք մեր լավագույնն անում ենք, որ սիրիահայերն ինտեգրվեն, լինեն հասարակության լիիրավ անդամ, ունենան աշխատանք: Մեր առաջնահերթություններից է այն, որ կարողանանք հստակեցնել՝ ինչ հարկային արտոնություններ կարող ենք տրամադրել սիրիահայերին: Առհասարակ, սիրիահայերի հիմնախնդիրները մշտապես սփյուռքի նախարարության խոշորացույցի տակ եղել են ու կմնան»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարն ու առանձնացրեց կրթական, բնակարանային, աշխատանքի ապահովման խնդիրները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 404 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար