Հայաստանի շտապ բուժօգնության ավտոպարկը վերազինվում է 200 նոր ավտոմեքենայով. Լուսանկարներ

17-10-2018 14:26:37   | Հայաստան  |  Հասարակություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բուժօգնության 200 ավտոմեքենայի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը և այլք:
 

Չինաստանի դեսպանը նշել է, որ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաների նվիրաբերման ծրագիրը խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ: Դեսպանը տեղեկացրել է, որ հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցներին շտապ բուժօգնության մեքենաներն ու դրանցում տեղակայված սարքավորումները ներկայացնելու նպատակով Չինաստանից Հայաստան է ժամանել մասնագետների խումբ: Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ  անցել է մասնագիտական վերապատրաստում: «Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասել է դեսպանը:
 
Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված շտապօգնության 200 ավտոմեքենայից 65-ը ռեանիմոբիլ է, 135-ը` գծային շտապօգնության մեքենա: Արսեն Թորոսյանը նշել է, որ նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակից սարքերով, օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ: «Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն՝ նվազեցնելով մահացության դեպքերը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ կառավարության որոշմամբ շտապօգնության մեքենաները բաշխվել են ամբողջ հանրապետությունով մեկ: 49 մեքենա տրամադրվել է Երևանի շտապօգնության ընկերությանը, 10 մեքենա՝ Երևանի բժշկական կենտրոններին, 131-ը՝  մարզերին: 
 
Պատասխանատուները Նիկոլ Փաշինյանին մանրամասն ներկայացրել են շտապ բուժօգնության ավտոմեքենաների հնարավորություններն ու դրանցում առկա տեխնիկական միջոցները:  
 
Վ
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 503 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար