Որ դեպքում կփոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը


Որ դեպքում կփոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը

  • 17-10-2018 17:05:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հատուկ քննչական ծառայությունը Lragir.am-ի հարցմանն ի պատասխան անդրադարձել է գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի այսօրվա հայտարարություններին, թե Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ:
 
«Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված չէ, որ Մանվել Գրիգորյանի կալանքը անհամատեղելի է հիվանդության հետ: Եթե օրենքով սահմանված ընթացակարգերով հիմնավորվի, որ կալանքն անհամատեղելի է նրա հիվանդության հետ, այդ պարագայում կքննարկվի խափանման միջոցը փոխելու հարցը”,- մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
 
Օրերս դատարանը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացրել էր երկու ամսով: Դրան զուգահեռ դատարանը մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողներին ասել է, որ բժիշկների եզրակացության համաձայն՝ ոչ միայն Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, այլ նաև  հակացուցված է նրան կալանքի տակ պահելը:
 
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հարգելի մեծարգո պարոն վարչապետ, ձեզ ճիշտ չեն զեկուցում, դուք չեք տիրապետում իրավիճակին: Խնդրում եմ, հանձնարարեք կոմպետենտ անձի, որպեսզի ստուգի՝ կալանքի պահին Մանվել Գրիգորյանն ինչպիսի հիվանդություններով էր տառապում, և կալանքը կրելուց հետո նրա հիվանդություններն ավելացել են, թե ոչ: Նա տառապում է այնպիսի հիվանդություններով, որ կյանքին վտանգ է սպառնում, թե՞ ոչ”,- ասել է փաստաբանը:
 
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարն ասում է, որ եթե օրենքով սահմանված ընթացակարգերով հիմնավորվի, որ կալանքն անհամատեղելի է Մանվել Գրիգորյանի հիվանդության հետ, այդ պարագայում կքննարկվի խափանման միջոցը փոխելու հարցը: Բայց կալանքի վերացման հարցն այս պայմաններում արդեն Գլխավոր դատախազության իրավասության տիրույթում է:
 
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափի յուրացումներ կատարելու մեջ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը