Հայաստան-Գերմանիա. գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները հանդիպման առանցքում


Հայաստան-Գերմանիա. գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները հանդիպման առանցքում

  • 18-10-2018 11:51:51   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Շարունակվում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա: Նախարար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերի հետ։
 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար`  Արայիկ  Հարությունյանը նշել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո համատեղ ծրագրերի մշակման համար մեծ հնարավորություններ են բացվել։ Մասնավորապես, կանցլերի այցի ընթացքում, ինչպես նախարարն է նշել,  քննարկվել էին հայ-գերմանական գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները,  ինչպես նաև Գերմանիայում Թումո կենտրոնի մասնաճյուղ  բացելու հարցը։
 
Անդրադառնալով Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներին` ԿԳ նախարարը  Ա. Հարությունյանը  նշել է, որ ներկայումս նախատեսվում է սկսել ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների լայնածավալ ծրագրի մշակումը, որի վերաբերյալ քննարկումներ են եղել  նաև Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ ԿԳՆ գիտութան կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Սահակյանը ներկայացրել է երկկողմ  գիտական համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Նշվել է, որ կան համագործակցության լավ ավանդույթներ բնագիտության, մասնավորապես ֆիզիկայի ոլորտում, որը պետք է ընդլայնել՝ ընդգրկելով նաև տեխնիկական գիտությունները,  համատեղ ծրագրերի մշակելով  ոչ միայն Թումոյի, այլ նաև ռոբոտոտեխնիկայի Արմատ լաբորատորիաների  ծրագրերով։ Գ. Շյութերը ևս կարևորել է երկկողմ գիտական համագործակցության ընդլայնման հարցը` ընդգծելով, որ այդպիսի փոխգործակցության հիմքը գիտնականների անձնական շփումներն ու կապերն են։ Նա ավելացրել է, որ ինքն աշխատանքի բերումով հանդիպել է շատ հայազգի գիտնականների  հետ և տպավորված է նրանց գործունեությամբ։ 
 
ՀՀ ԿԳ նախարարն ու ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղարը պայմանավորվել են  ջանքեր ներդնել հայ-գերմանական գիտական կապերի ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն