Հայաստան-Գերմանիա. կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները նկատելի են.ԿԳՆ


Հայաստան-Գերմանիա. կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները նկատելի են.ԿԳՆ

  • 18-10-2018 12:51:53   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպում է  ունեցել  ԳԴՀ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Միխայել Զիբերտի հետ։ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, միաժամանակ նշելով, որ Երևանի քաղաքապետի վերջին ընտրությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման յուրօրինակ հանրաքվե էր և ժողովուրդն իր մանդատը տվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մ. Զիբերտը նշել է, որ գերմանական կողմը պատրաստ է խորացնել հայ- գերմանական համագործակցությունը և իր պատրաստակամությունն է արտահայտում Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ներդրման ու խորացման աջակցության հարցում։
 
ԳԴՀ պաշտոնյան ողջունել է ՀՀ կառավարության ջանքերն ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում  համընդհանուր պայքար է մղվում կոռուպցիայի դեմ և մասնավորապես կրթության ոլորտում արդյունքներն արդեն նկատելի են։ Կողմերն անդրադարձել են նաև  բուհերի կառավարման մարմինների քաղաքական ազդեցություններից հեռու պահելու հարցերին։
 
ԿԳ նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև ԳԴՀ մասնագիտական կրթության դաշնային ինստիտուտի ծրագրային քաղաքականության, ռազմավարության և միջազգային կապերի վարչության տնօրեն Բիրգիտ Թոմանի հետ։ Գ. Թոմանը ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում ԳԴՀ-ի փորձը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է միջին մասնագիտական կրթության ոլորտում խորացնել համագործակցությունը, մասնավորապես համատեղ գործողությունների ծրագիր կազմել։   
 
Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան։ Ընդգծելով Յ. Լեփսիուսի ունեցած դերը հայ ժողովրդի պատմության մեջ` կարևորել է տուն-թանգարանի կողմից իրականացվող մշակութային և գիտահետազոտական աշխատանքները։  Հանդիպման ընթացքում քննարկվել են  տուն-թանգարանի և Հայաստանի համապատասխան կրթական և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն