Գործադիրը մի շարք օրենքների հավանություն է տվել


Գործադիրը մի շարք օրենքների հավանություն է տվել

  • 18-10-2018 13:40:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հավանություն է տվել  2018 թ. փետրվարի 14-ին Երևան քաղաքում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Համապատասխան իրավապայմանագրային դաշտի առկայությունը կնպաստի ՀՀ տնտեսության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանն ու ներդրումների հոսքին:
 
Հավանություն է տրվել  2018 թ. փետրվարի 12-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս զարգացնել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև փոխադարձ համագործակցությունը, ինչպես նաև գործարար կապեր ստեղծել երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների միջև:
Հավանության է արժանացել  2018 թ. սեպտեմբերի 4-ին և 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Շրջանակային ծրագիր՝ ուղղված ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանը» ֆինանսավորման համաձայնագրի N 2 լրացման վերաբերյալ» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը: Ֆինանսավորման համաձայնագրի գործողություններն ուղղված են աջակցելու ՀՀ կառավարությանը` իրականացնելու բարեփոխումների օրակարգը: Ծրագիրն իր մեջ ներառում է այնպիսի փոխկապված խնդիրներ, ինչպիսիք են տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի կայունությունը, արդյունավետ կառավարումը, մարդու իրավունքները և գենդերային հավասարությունը:
 
 
Այլ որոշումներ
 
 
Կառավարությունն ընդունել է «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թ. սեպտեմբերի 8-ի համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի հիման վրա ԵԱՏՄ անդամ մի շարք պետություններ կիրառում են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական համակարգ: Այդ համակարգը ՀՀ-ում նախատեսվում է կիրառել  2018 թ. նոյեմբերի 1-ից: Որոշմամբ  նախատեսվում է նաև փորձնական ծրագրի շրջանակում հարկ վճարողներին հսկիչ նշանները տրամադրել անվճար: 
Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը որպես պետական սեփականություն ամրացվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին: Արդյունքում Վայոց ձորի մարզում կստեղծվի նոր բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Հիմնավորման համաձայն,  մարզում նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները ընդգրկվել են Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային ծրագրի շրջանակներում: 
Գործադիրի որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին ՀՀ Արմավիրի մարզի Մարգարա համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play