Միջազգային կրթական համաժողովին ՈԱԱԿ-ը երկու հաջողված փորձ կներկայացնի
18-10-2018 17:42:25 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հոկտոմբերի 18-19-ին Աստանայում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 9-րդ ընդհանուր համաժողովը։ Այն կազմակերպվել է Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության (IQAA) հետ համատեղ։
Համաժողովին որպես ENQA անդամ մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն ներկայում ընթացող և ապագա հնարավոր զարգացումները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում։ Անդրադարձ կկատարվի նաև հեռաուսուցման որակի ապահովման սկզբունքներին ու մարտահրավերներին։
ՈԱԱԿ-ի պատվիրակությունը համաժողովի ընթացքում սեկցիոն նիստերով երկու զեկույց կներկայացնի։
Առաջին զեկույցով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման մասնագետներին կներկայացվի բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մշակած և փորձարկած մոդելը։
Երկրորդ զեկույցը կանդրադառնա ասպիրանտական կրթության որակի ապահովմանը Հայաստանում։ Կներկայացվեն ՈԱԱԿ-ի կողմից ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի շրջանակներում մշակված և 11 բուհերում փորձարկված ասպիրանտական կրթության որակի ապահովման չափանիշներն ու չափորոշիչները։
Նշենք, որ 2019 թ․ ENQA 10-րդ ընդհանուր համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում։ Որպես հաջորդ համաժողովի հյուրնկալ և համակազմակերպիչ՝ ՈԱԱԿ պատվիրակությունը ENQA անդամներին կներկայացնի նաև Հայաստանը և ՈԱԱԿ-ի 10-ամյա գործունեությունը։