ՃՈ-ն վարորդներին կտա 9 միավոր և խախտումների դեպքում կարող է զրկել վարելու իրավունքից

18-10-2018 18:23:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, որով առաջարկվում է ներդնել տուգանային միավորի ինստիտուտը: Նախագծում նշված է, որ տուգանային միավորի ինստիտուտի ներդրումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել կարգապահությունը ճանապարհներին և նվազեցնել ՃՏՊ-ների ու դրանց արդյունքում արձանագրվող զոհերի ու վիրավորների թիվը:
 


Առաջարկվում է տուգանային միավորը, որպես լրացուցիչ վարչական տույժ, նախատեսել վարչական այն իրավախախտումների համար, որոնց կատարումը, համաձայն պետական վիճակագրական հաշվառման վերցված տեղեկությունների վերլուծության, ՃՏՊ-ների, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության պատճառ կամ պայման են հանդիսանում: Մասնավորապես.
 
 
– վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառվելու է 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափը օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Այնուամենայնիվ, անհամեմատ մեծ տարածում ունեցող իրավախախտումների պարագայում տուգանային միավորների համակարգի ներդրման նախնական փուլում նախագծով նախատեսվել են ցածր միավորներ` վարորդներին չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:
 
– տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից  մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր.
 
– ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
 
–  եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից.
 
– Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն Ճանապարհային երթևեկության այն կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով.
 
– Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պարբերաբար խախտում  համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր.
 
– ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով (միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա օրենքով նախատեսվելու են կասեցման ժամկետները կրճատելու պայմաններ, օրինակ` ժամկետի կեսը լրանալուց հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը վերականգնելու համար տեսական քննություն հանձնելը, ինչը ևս տեղ է գտել նախագծում).
 
– տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:
 
Ընդհանուր առմամբ առաջարկվում է տուգանային միավորը, որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 100 խախտումներից 16-ի համար:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 875 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար