Խաչատուրովի հարցը. Զոհրաբ Մնացականյանը բացել է վարագույրը


Խաչատուրովի հարցը. Զոհրաբ Մնացականյանը բացել է վարագույրը

  • 18-10-2018 18:27:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am Հայաստանի արտաքին գործերի նախարար  Զոհրաբ Մնացականյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի փոփոխության գործընթացին, արել է ուշագրավ հայտարարություն:
 
«Շարունակում ենք քննարկումները, կոնսուլտացիաներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետեւ նման վիճակները կարող են ի հայտ գալ տարբեր պատճառնելով հետագայում, եւ Կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների», ասել է Զոհրաբ Մնացականյանը:
 
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը փաստորեն բացում է գործընթացի «վարագույրը», արձանագրելով, որ Երեւանը դնում է ավելի լայն հարց, քան Խաչատուրովին փոխարինելն ու նրա հանդեպ իրավական գործընթացում առավել անկաշկանդ լինելու հնարավորություն ստանալը: Այլ կերպ ասած, Զոհրաբ Մնացականյանը բավական բաց տեքստով հայտնում է, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացում Երեւանին հետաքրքրող հարցը լոկ Խաչատուրովի նկատմամբ իրավական գործընթացում միջազգային-դիվանագիտական-քաղաքական արգելքները վերացնելը չէ, եւ Հայաստանն այդ գործընթացում դնում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բլոկային արդյունավետության հարցեր:
 
Այսինքն, Հայաստանին հետաքրքիր է ոչ թե Խաչատուրովը, այլ ՀԱՊԿ-ը, կամ Խաչատուրովին փոխարինելու հարցը հետաքրքիր է ՀԱՊԿ արդյունավետության հեռանկարի տեսանկյունից:
 
Երեւանն այդպիսով բացում է խնդիրը եւ որոշակիորեն հակադարձում այն մեղադրանքներին, թե Խաչատուրովի հանդեպ իրավական գործընթացը հարված էր ՀԱՊԿ հեղինակությանը: Այդ առիթով հոդվածներից մեկում դիտարկել եմ խնդիրը այն համատեքստում, որ ՀԱՊԿ հեղինակությանը ոչ թե Երեւանն է հարված հասցրել Խաչատուրովի հանդեպ քայլով, այլ Հայաստանի հանդեպ անպատասխանատու քայլերով ՀԱՊԿ հեղինակությանը հարված հասցրել են հենց դրա այն անդամները, որոնք ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին:
 
Այդ իմաստով, Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը տողատակում պարունակում է այն ազդակը, որ Երեւանը ՀԱՊԿ հեղինակության հարցը դրել է լայն իմաստով, Խաչատուրովի փոխարինման հարցը դիտարկելով այդ համատեքստում եւ դարձնելով ավելի լայն քննարկումների առիթ:
 
Ինչպես է ընթանում գործընթացը այդ տեսանկյունից, դեռեւս պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե այն երբ կավարտվի: Հայտնի է, որ Հայաստանի գլխավոր քարտուղարության ժամկետը ավարտվում է 2020 թվականին: Երեւանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել իր այդ իրավունքը մինչեւ ժամկետի ավարտը: Դա նշանակու՞մ է արդյոք, որ կարող է լինել տարբերակ, երբ քննարկումները շարունակվեն ընդհուպ մինչեւ 2019 թվականի վերջ, երբ այլեւս իմաստ էլ չի ունենա գլխավոր քարտուղարի այլ թեկնածուի մասին խոսելը:
 
Միեւնույն ժամանակ, արդյոք Երեւանի համար սա նաեւ սկզբունքային հարցը չէ, եւ արտգործնախարար Մնացականյանը ակնարկում է հենց այդ մասին, որ Հայաստանը ներկայիս գործընթացում մտածում է ավելի լայն եւ ավելի հեռու համատեքստում, երբ գլխավոր քարտուղարn այլեւս կլինի ուրիշ անդամի ներկայացուցիչ, որպեսզի ընդհանրապես կազմակերպությունը գա ռազմա-քաղաքական կազմակերպման եւ համակեցության այնպիսի վիճակի, երբ սկզբունքային որեւէ նշանակություն չունենա, թե ում է ներկայացնում գլխավոր քարտուղարը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը