Մեր թշնամին արթուն է, Ադրբեջանն անում է հնարավորը՝ զինվելու համար (տեսանյութ)


Մեր թշնամին արթուն է, Ադրբեջանն անում է հնարավորը՝ զինվելու համար (տեսանյութ)

  • 18-10-2018 23:19:00   | Ադրբեջան  |  Քաղաքական



 
 
 
 
Ադրբեջանի և Չեխիայի ռազմական համագործակցության զարգացման ուղիներն են քննարկվել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Պրահա կատարած այցի ընթացքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքի տեղեկացմամբ, Չեխիայում ընթացող «Ապագա ուժերը- 2018» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Զաքիր Հասանովը հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարար Լուբոմիր Մեթնարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման ուղիները և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:
«Ապագա ուժերը- 2018» միջազգային ցուցահանդեսը, հաղորդման համաձայն, նպատակ ունի ներկայացնել պաշտպանական և անվտանգության  ոլորտներում  գլոբալ, ազգային և տեղեկատվական անվտանգության խնդիրները: Ցուցահանդեսը կազմակերպել են Չեխիայի կառավարությունը, Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)  և Եվրոպայի պաշտպանական գործակալությունը: Այդ միջազգային ցուցահանդեսում 60 երկրի մոտ 1200 ընկերություններ ցուցադրել են իրենց պաշտպանական արդյունաբերության արտադրանքները: Ադրբեջանի պաշտպանության նախարարը զենքերի, ռազմական տեխնիկայի, ռազամամթերքի գնման ինչ-ինչ պայմանագրեր կնքել է չեխական կողմի կամ հիշյալ մոտ 1200 ընկերություններից որևէ մեկի հետ, այս պահին մեզ դեռ հայտնի չէ, սակայն, դատելով ամենից, Չեխիան ևս մտնում է այն երկրների ցանկում, որոնք զինել և առաջիկայում էլ պատրաստ են զինել Ադրբեջանին:
Հիշենք, որ Ադրբեջանն ավելի վաղ, 2016-2017 թթ. ընթացքում զարտուղի ճանապարհով գնել է չեխական սպառազինություն: Խոսքը մասնավորապես 152-մմ vz.77 Dana ինքնագնաց հրետանային կայանքների (36 հատ, որոնց կեսն Ադրբեջանը 2017թ. դրությամբ ստացել էր արդեն) և համազարկային կրակի 15 հատ RM-70 ռեակտիվ համակարգերի մասին է: Չեխ լրագրողներն իրենց հետաքննության արդյունքում պարզել էին, որ 152-մմ vz.77 Dana ինքնագնաց հրետանային կայանքները մասնակի պատրաստ վիճակում Չեխիայից տեղափոխվել են Սլովակիայում գտնվող չեխական «Չեխոսլովակ Գրուպ» ընկերություն, որտեղ համալրվել են հրանոթներով, ինչպես նաև իսրայելական սարքերով (կապի և նավիգացիոն կամ նշանառության), այնուհետև տարվել Իսրայել, ապա Ադրբեջան: Նշենք, որ համազարկային կրակի RM-70 ռեակտիվ համակարգերի արդիականացված տարբերակի (RM-70 Modular) նոր արձակման կայանքները կարող են հագեցած լինել ինչպես սովորական կամ հեռահար 122 մմ տրամաչափի 28 հատ ռեակտիվ արկերով, այնպես էլ ամերիկյան արտադրության 6 հատ MLRS 227 մմ արկերով, որոնց առավելագույն հեռահարությունը հասնում է 80 կմ-ի: Ադրբեջանի գնածը, սակայն, «RM-70 Modular»-ը չէ: 
Օրերս տեղեկատվություն հայտնվեց նաև Ադրբեջանի, Բելառուսի և Ուզբեկստանի, պաշտպանության նախարարների կողմից 2019թ. համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին: Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Տաշքենդում անցյալ շաբաթավերջին կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 75-րդ հերթական նիստում Ադրբեջանի, Բելառուսի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները 2019թ. համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Այս ամենից մեր դասը մեկն է՝ Հայաստանն ևս պարտադրված է զինվել, ընդ որում, թշնամու ունեցածին գերազանցող զենքերով:
 
Երրորդ լուսանկարում՝ «RM-70 Modular» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական