Աննա Հակոբյանը եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն այցելեցին Մաթեւոսյան կենտրոն-թանգարան


Աննա Հակոբյանը եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն այցելեցին Մաթեւոսյան կենտրոն-թանգարան

  • 19-10-2018 12:21:46   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այցելեցին Երեւանի Աբովյան պուրակում տեղակայված «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարան եւ ծանոթացան մշակութային կառույցում կատարված աշխատանքներին, գրում է «Հայկական ժամանակը»

Աննա Հակոբյանը մեծանուն գրողի որդու՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթեւոսյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոն-թանգարանի տարածքով: Շրջայցի ընթացքում Դավիթ Մաթեւոսյանը ներկայացրեց դեռեւս երկհարկանի կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծը, ինչպես նաեւ գործունեության նպատակները:Դավիթ Մաթեւոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Աննա Հակոբյանը ցանկություն է հայտնել «Իմ քայլը» հիմնադրամով մասնակցություն ունենալ կենտրոնի աշխատանքներին, նշել, որ նախագիծը մեծ է եւ հստակ չի կարող ասել, թե որքան մասնակցություն կկարողանա հիմնադրամը ստանձնել, սակայն անպայման մասնակցություն կունենա:

«Շատ ենք գնահատում նմանատիպ ձեռքբերումը եւ կցանկանանք, որ այս կենտրոնը հնարավորինս արագ բացի իր դռները»,- շրջայցից հետո ասաց Աննա Հակոբյանը:Շրջայցի ընթացքում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ վերհիշեց Հրանտ Մաթեւոսյանի հետ հանդիպումները: «1969-ին մենք ստեղծեցինք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը: Շատ լավ աշխատանք էր, իմ առաջին ֆիլմերից մեկն էր: Հետո եղավ «Աշնան արևը», «Տերը» եւ մեր համատեղ աշխատանքը պտուղներ տվեց: Մաթևոսյանը միշտ ասում էր. «Իմ թաղմանը թող «Աշնան արեւի» մեղեդին հնչի»: Մենք մի տեսակ եղբայրացանք՝ նա իր բարձր գրականությամբ, ես՝ իմ համեստ երաժշտությամբ»,-նշեց Մանսուրյանը:Դավիթ Մաթեւոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի եւ ՀՀ կառավարության միջեւ գրագրություն է ընթանում: Մաթեւոսյանը նաեւ հայտնեց, որ մտահոգություններն ու մի շարք անհամաձայնություններ հայտնելուց հետո ֆինանսների նախարարությունից դրական պատասխան է ստացել, բայց շինարարական աշխատանքները դարձյալ կձգձգվեն մինչեւ հաջորդ տարի:

Վերջինիս խոսքով՝ ամեն դեպքում սա լավագույն որոշումն էր, քանի որ նախնական հայեցակարգերով շենքը չի համապատասխանում որպես կենտրոն- թանգարան աշխատելու իր գործառույթին: Հրանտ Մաթեւոսյանի ժառանգների առաջարկով՝ լրացուցիչ աշխատանքների (վերնահարկի կառուցման) նախնական հաշվարկը կատարվել է նախագծային կազմակերպության կողմից 2018 թվականին, որի համաձայն՝ լրացուցիչ պահանջվող գումարի չափը կազմում է շուրջ 55 միլիոն դրամ:

ՀԺ-ն բազմիցս անդրադարձել է «Մաթեւոսյան կենտրոն-թանգարան»-ի խնդրին: «Հրանտ Մաթեւոսյան»-հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը մեր զրույցներում բազմիցս արձանագրել է, որ ճարտարապետի կողմից նախանշված աշխատանքներն ըստ նախագծի չեն իրականացվել եւ թերի են: Այսօր էլ հիմնադրամի տնօրենը նույն կարծիքին է:

«Բազմիցս ասել եմ, որ հրաշալի շենք է՝ ունի մեկ նկուղային եւ երկու վերգետնյա հարկ, սակայն այն հայեցակարգը, որով մենք ներկայացրել էինք, հետեւյալն էր` քաղաքաշինական մեծ նախագիծ, որն իր մեջ ներառում է եռահարկ շինություն, որը նկուղային պիտի լինի եւ պետք է ներառի մինիմալ կենսապահովման չափորոշիչներ: Պետք է գտնվի բուսաբանական այգու մեջ, որը կստեղծի մաթեւոսյանական միջավայր Լոռվա բնության մոդելավորմամբ»,-ասաց Մաթեւոսյանը:

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռեւս 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում՝ մի քանի ամիս է՝ ավարտվել են: Ինչպես արդեն հայտնել էինք՝ Կենտրոնի շինարարությունն իրականացվել է Քաղաքաշինության կոմիտեի վերահսկողությամբ եւ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի միջոցով: 

Պետությունը Մաթեւոսյանական կենտրոն ստեղծելու համար Երեւանի «Պլանի գլուխ» կոչվող հատվածում, Աբովյան պուրակում, անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով 400 քմ հողատարածք էր տրամադրել: Համաձայն Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայության տրամադրած տվյալների՝ 2015-2018թթ. պետական բյուջեների՝ հատկացումները կենտրոն-թանգարանի շենքին կազմել են 474,մլն 586. հազար 612 դրամ՝ որի շրջանակներում աշխատանքներն ամբողջապես ավարտվել են: 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play