Կայացել է «Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը» գրքի շնորհանդեսը


Կայացել է «Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը» գրքի շնորհանդեսը

  • 19-10-2018 14:08:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ս.թ. հոկտեմբերի 18-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել էին «Perspectives of Co-Existence of the EU and EAEU Integration Processes. The Case of Armenia» («Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը») անգլերեն/ռուսերեն գրքի շնորհանդեսը:
 
Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Լեհաստանի, Ռումինիայի դեսպանատների և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամներ, տարածաշրջանային անվտանգության դինամիկայով զբաղվող փորձագետներ: 
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես են եկել Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը և Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Ֆելիքս Հեթը: Շնորհանդեսը վարել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: 
Գրքում հրապարակվել են Երևանի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանի, Բրյուսելի «Եվրոպական աշխարհաքաղաքական Ֆորումի» հետազոտությունների գծով ղեկավար Ջորջ Վլադ Նիկուլեսկուի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր Մարիա Լագուտինայի մշակումները: 
Շնորհանդեսի ժամանակ ընդգծվել է Ռուսաստան–Արևմուտք ռազմավարական հակադրության պայմաններում Հայաստանի կողմից հավասարակշիռ արտաքին քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանին հանդես գալու որպես Եվրամիություն–Եվրասիական տնտեսական միություն փոխգործակցության արդյունավետ հաբ:
Ելույթներից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում մասնակիցներն իրենց մոտեցումներն են արտահայտել Եվրամիություն–Եվրասիական տնտեսական միություն փոխգործակցության հնարավորությունների և այդ գործում ՀՀ-ի դերակատարման վերաբերյալ: 
Ամփոփելով շնորհանդեսը՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը նշել է, որ Ասոցիացիան շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային անվտանգության դինամիկային և ՀՀ-ի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնախնդիրները:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play