Փոքր կենտրոնում կարմիր գծերը պետք է վերանան, իսկ մանկապարտեզներն ու դպրոցները վերանորոգելու համար թող դիմեն բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Փոքր կենտրոնում կարմիր գծերը պետք է վերանան, իսկ մանկապարտեզներն ու դպրոցները վերանորոգելու համար թող դիմեն բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-10-2018 15:12:26   | Հայաստան  |  Հասարակություն



 
Փոքր կենտրոնում կարմիր գծերը պետք է վերանան, իսկ եթե ուզում են մայրաքաղաքի մանկապարտեզներն ու դպրոցները վերանորոգել, ուրեմն թող դիմեն բնակիչներին՝ խնդրելով մի փոքր բարեգործություն անել:
 
Այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանը՝ անդրադառնալով Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի՝ կարմիր գծերի վերաբերյալ արված հայտարարությանը և տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներին: 
 
Ըստ նրա, եթե նախկինում թեկուզ մեկ մեքենա կայանում էր աջ շարքի վրա, ճանապարհային ոստիկանը (ՃՈ) տուգանում էր վարորդին՝ երթևեկությանը խոչընդոտ հանդիսանալու համար, իսկ այսօր աջ շարքում կարող է կայանել մեկ տասնյակից ավելի մեքենա, բայց դա չդիտարկվի երթևեկությանը խոչընդոտող հանգամանք միայն այն պատաճռով, որ դրա համար վարորդը վճարում է: 
 
«Ես զարմանում եմ՝ 30 տարվա անկախ երկրում երեք տարի չկա, որ հայտնվել են կարմիր գծերը, այսինքն՝ սա նշանակում է, որ մեր երկրում 27 տարի ոչ մի մանկապարտեզ ու դպրոց չի՞ վերանարոգվել: Բայց չէ որ այդ աշխատանքների համար քաղաքապետարանն ունի համապատասխան բյուջե»,- հարց տվեց Պ. Օղլուկյանը: 
 
Նրա խոսքերով՝ ինքն անձամբ կողմնակից է, որպեսզի մայրաքաղաքը սպասարկող տրանսպորտային համակարգն ամբողջությամբ գտնվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, այլ ոչ թե լինեն առանձին գծատերեր: 
 
Պ. Օղլուկյանը գտնում է, որ այդ դեպքում քաղաքը շատ ավելի արագ տեմպերով կզարգանա, բյուջեն ավելի մեծ կլինի, հետևաբար կլուծվեն ոչ միայն տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները, դպրոցների ու մանկապարտեզների բարեկարգման հարցերը, այլև վարորդներն ու ուղևորները գոհ կլինեն:  
 
Երևանում հասարակական տրանսպորտի հնարավոր թանկացումից խուսափելու համար ուղևորափոխադրումներ կազմակերպող ՀԿ նախագահն առաջարկում է պատկան մարմիններին այս փուլում գոնե գազն ավելի մատչելի գնով տրամադրել գծատերերին: 
 
Պ. Օղլուկյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ առաջարկներ ունի, որոնք պատրաստ է քննարկել թե նորընտիր քաղաքապետի, թե վարչապետի հետ: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն