Երևանում չորրորդ տարին անընդմեջ անցկացվելու է «Աշխարհի գույները» փառատոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Երևանում չորրորդ տարին անընդմեջ անցկացվելու է «Աշխարհի գույները» փառատոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-10-2018 16:43:08   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երևանում չորրորդ տարին անընդմեջ անցկացվելու է «Աշխարհի գույները» փառատոնը: 
 
Ինչպես հոկտեմբերի 19-ին լարգրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ, «Հանդես»  փրոդաքշնի  հիմնադիր-տնօրեն, հեղինակ-կատարող, լրագրող, հաղորդավար Արման Կարապետյանը, փառատոնի շրջանակներում ներկայացնում են տարբեր ազգերի մշակույթներ, ներգրավում են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: 
 
Նրա փոխանցմամբ՝ այս տարի, մասնավորապես, ներգրավված են Հայաստանում վրացական համայնքի ներկայացուցիչները: 
 
«Եվ մի փոքրիկ բարեգործություն ենք իրականացնելու այս անգամ, առողջական խնդիրներ ունեցող երեխաներին ենք աջակցելու: Փառատոնը բարեգործական բնույթ չի կրում, ուղղակի «Առողջության բանաձև» ամսագիրն ուներ նմանատիպ նախաձեռնություն, որին մենք ևս միացել ենք»,- նշեց Ա. Կարապետյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ փառատոնի մասնակիցները հանդես են գալու երգ ու պարի, նաև ասմունքի ելույթներով, տարիքային սահմանափակում չկա, իսկ միջոցառման ավարտին նրանց շնորհվելու են պատվոգրեր ու մեդալներ:  
 
Փառատոնի կազմակերպիչը խոստացավ անակնկալներով լի երեկո մասնակցել ցանկացողների համար: 
 
Նշենք, որ «Աշխարհի գույները» փառատոնը կկայանա հոկտեմբերի 21-ին ժամը 18:00-ին Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն