1 ձայնն ընդդեմ հեղափոխությա՞ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


1 ձայնն ընդդեմ հեղափոխությա՞ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 31-10-2018 13:05:23   | Հայաստան  |  Քաղաքական



 
Ազգային ժողովի արտահերթ նիստում hերթական անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների փաթեթի ընդունումը: 
 
Նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր․ չհերիքեց ընդամենը 1 ձայն․  անհրաժեշտ էր 63-ի կողմ քվեն: 
 
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխված նախագիծը չէր ընդունվել նաև հոկտեմբերի 22-ին, որին հաջորդեց Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը՝ կրկին արտահերթ նիստ հրավիրելու և ԸՕ-ի փոփոխված փաթեթի ընդունումը քննարկելու համար:
 
Մինչ քվեարկությանն անցնելը, խորհրդարանում հնչեցին քաղաքական ուժերի ներկայացուցիչների հարակից զեկույցները: Ահա դրանցից մի քանիսը: 
 
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանում քաղաքական, կուսակացական համակարգը խթանելու համար:
 
Իսկ Հանրապետական Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները որպես ժողովրդավարական բարեփոխում հասարակությանը ներկայացնելը ուղղակի ծաղր է ժողովրդավարության հանդեպ:
 
Նա հայտարարեց,  որ Հանրապետականը դեմ է քվերակելու փոփոխությունների նախագծին, քանի որ չկա քաղաքական կոնսենսուս: 
 
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ  նկատեց, որ խորհրդարանական երկիր դառնալու ճանապարհին շատ կարևոր է ընտրություններին գնալ նոր ընտրակարգով: 
 
Շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը դրվեց քվեարկության և արձանագրվեց հետևյալ պատկերը: 
 
Ընտրական օրենսգրքի փոփոխված փաթեթի չընդունմանը ֆեյսբուքյան հարթակում անդրադարձան որոշ քաղաքագետներ և հասարակական գործիչներ: Ահա այդ կարծիքներից մի քանիսը: 
 
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը,մասնավորապես, գրել է.
 
«Ընտրական օրենսգիրքը չընդունվեց: Խուճապի մատնվել պետք չի: Դա «վերջին վատություն» չի, դա հերթական լավությունն ա: Ինչքան կարելի ա վախենալ կամ վախեցնել հանրությանը համակարգից, որին հաղթել են արդեն մի քանի ամիս: Եթե արտահերթ խորհրդարանի ընտրության ճակատագիրը եւ որակը պետք ա էդ օրենսգրքի ընդունվել-չընդունվելուց կախված լիներ, ուրեմն վայ էդ ընտրությանն ու ընդհանրապես թավշյա հեղափոխությանը: Բայց կարծում եմ բարեբախտաբար էդպես չի, ուղղակի մեր հանրության շրջանում կա սադոմազոխիզմի հակում, կայֆ ստանալ հասարակությանը վախեցնելուց կամ սեփական վախից»
 
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գրել է.
 
«Անթույլատրելի է անցկանցնել ընտրությունները ընտրական հին օրենսգրքով:
Սա լուրջ նահանջ է հեղափոխության համար»:
 
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գրել է.  
 
«Ընտրական նոր օրենսգրքի դեմ դավադիր քվեարկությունը, ըստ էության, խորքային պետության կատաղի և կազմակերպված դիմադրության արդյունք է, որի նպատակը Թավշյա հեղափոխության բարոյազրկումն է և Հայաստանի Հանրապետությունը նախկին վարչակարգի ժամանակաշրջան հետքաշելը։ Սա կատարյալ քաղաքական հետընթաց է և կյանքի տնտեսական բարելավման հույսի անհետացում։ Քրեաօլիգարխիկ համակարգը վերադառնում է այս անգամ օսլայած շապիկներով` եվրոպականության դիմակով, սակայն գիտակցել է պետք. հեղափոխությունը գրոշ չարժե, եթե չի կարողանում իրեն պաշտպանել, ուստի ոչ լեգիտիմ պետք է ճանաչել ոչ լեգիտիմ ԱԺ-ի ընդունած ցանկացած օրենք, որը չի արտացոլում ժողովրդի ազատությունը սահմանափակող նախաձեռնություն։ Դա նշանակում է, որ հեղափոխության իդեալների հույսով ապրող ժողովուրդը պետք է կազմակերպվի և մերժի ցանկացած նման նախաձեռնություն»։
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, մասնավորապես, գրել է
 
«Ես լուրջ չեմ համարում այն պնդումները, թե բա Նիկոլը թերագնահատել է ԸՕ բարեփոխման դերն ու նշանակությունը, իբր, որ ուզեր, այնպես կաներ, որ սերժահպստակները կողմ կքվեարկեին։ Զենք է՞ր դեմ տալու գլխներին, թե՞ ավետարան էր կարդալու վրեքը՝ դարձի գային։ Չէին գալու։ Որ հասկացած լինեին իսկության պահը, անխոս կողմ կքվեարկեին։ Իրենք սաբոտաժով սեփական եսը կշտացրին ընդամենը եւ հետո քթներից է գալու, կասկած չունեմ։
 
Ողբ եմ կարդում ֆեյսում, մի կսկիծ, արցունքի գետեր են հոսում, թե բա օրենքը չփոխվեց։ Լավ կլիներ փոխվեր իհարկե, բայց ողբը կտրեք, հա՞։ Նոր ԱԺ-ն հենց հավաքվի, կարողանալու է ընդունել այդ փոփոխություններն էլ, Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններն էլ, ապա նոր ԱԺ ընտրություն նշանակել։ Այդ ով պիտի փոխհատուցի էսօրվա սերժահպատակների լկտիությունը։ Իսկ սրանց մեկ օր մնաց, կյանքերս կերան…»
 
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը գրել է. 
 
«Վերահաստատում եմ մոտեցումս.
 
Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում:
 
Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը:
Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:
 
Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով ետ է ընկնելու»:
 
ԱԺ արտահերթ նիստից հետո «Ծառուկյան» դաշինքի պատգմավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում նշել է, որ պատրաստ են երրորդ անգամ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բերել խորհրդարան: 
 
Եվ այսպես, ոչինչ թերեւ չի խանգարում, որպեսզի հարցը նիստց նիստ  տեղափոխվի  մինչեւ դեկտեմբեր․ Աշոտյանը պարզ ասաց, որ Հանրապետականը դեմ է քվերակելու փոփոխությունների նախագծին, եւ բավական է, որ մյուս քաղաքական ուժերից գեթ մեկ հոգի բացակայի՝ ընտրությունները կանցկացվեն հին Ընտրական օրենսգրքով։ Հետեւենք զարգացումներին։
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական