Արտյոմ Մխոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
20-11-2018 16:51:41 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության տարածքային պատվիրակ Վալերիա Գեմելլոյին և պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2018 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գործող տեսազանգի համակարգի կիրառման արդյունավետությունը և դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ համարվեց ընդունել հատկապես տեսազանգից օգտվող ազատազրկված անձանց կարծիքները և առաջարկները:
Անդրադարձան նաև 2018թ.-ի նոյեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետությունում գործող համաներմանը, դրա կիրառման գործընթացին մասնավորապես օտարերկրյա ազատազրկված անձանց նկատմամբ: Զուգահեռ քննարկվեցին քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին երկկողմ համագործակցության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից առաջարկվելիք նախագծերի իրականացման համար: