«Քաղաքացի դիտորդ»-ը շարունակելու է ընտրական օրենսդրության կատարելագործմանն ուղղված ջանքերը նոր ձևաչափով

20-11-2018 17:18:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը  թևակոխում է ընտրական իրավունքի իրականացման և ընտրական գործընթացների նոր փուլ։ 
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն էական աշխատանք է կատարել ընտրական գործընթացի նկատմամբ դիտորդական առաքելության էությունն ու բովանդակությունը նոր մակարդակի բարձրացնելու, տեղական դիտորդության նոր չափանիշներ սահմանելու, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության հետաքրքրությունը բարձրացնելու ու այդ գործընթացներում հանրության ներգրավվածությունը խթանելու, ընտրական գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը բարձրացնելու, ընտրական իրավունքի պաշտպանության նպատակով բողոքարկման նոր մշակույթ  ներդնելու և ընտրական իրավունքի ոլորտում դիտորդների ու իրավաբանների վերապատրաստման ուղղությամբ։
 


Նկատի ունենալով ասվածը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակելու է ընտրական օրենսդրության կատարելագործմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ընտրական գործընթացների դիտարկումը՝ նոր ձևաչափով։ Դիտարկումն ընդգրկելու է ընտրություններին նախորդող ժամանակահատվածը, այդ թվում՝ ընտրական օրենսդրության փոփոխությունների մշակման և ընդունման գործընթացը, ընտրական քարոզչությունն առհասարակ, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ռեսուրսների հասանելիության, լուսաբանման  հավասարակշռվածության, ընտրությունների ֆինանսավորման հարցերը, քաղաքական մրցակցության և այդ մրցակցության բովանդակության, վարչական ռեսուրսի օգտագործման, դիտորդական առաքելությունների, կուսակցությունների, թեկնածուների, նրանց ներկայացուցիչների և վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների  աշխատանքները, դրանց օրինականության և արդյունավետության գնահատումը, ընտրական իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և ընտրական իրավունքի պաշտպանության (գործիքների և արդյունավետության), ինչպես նաև հանրային վերահսկողության հարցերը: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դիտարկման արդյունքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կհրապարակի ամփոփիչ զեկույց 2018թ․ անցկացված Երևանի ավագանու և Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, որը ի թիվս այլնի կներառի նաև վիճակագրական վերլուծություն ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Բացի դրանից, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կմշակի և Կառավարությանն ու Ազգային ժողովին կներկայացնի համալիր առաջարկություններ ընտրությունները կարգավորող իրավական դաշտի հիմնավոր բարեփոխման վերաբերյալ։
2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման գործընթացում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում իրականացվող աշխատանքներին կարող են մասնակցել տարբեր կազմակերպություններ, որոնք ունեն դիտորդական առաքելության, ընտրություններին առնչվող վիճակարգրական վերլուծության, ընտրական իրավունքի պաշտպանության և նմանատիպ այլ փորձառություն:
 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում ներկայումս հանդես են գալիս «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն, «Փոլիսի Ֆորում Արմենիա» ՀԿ-ն։
 
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ձևավորվել է 2013թ.՝ նպատակ ունենալով վերահսկելու համապետական և տեղական ընտրությունները Հայաստանում և դրանց համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կայքէջն է https://www.citizenobserver.am/:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 943 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար