Ազատությունից զրկման համակարգը քննարկվել է ՄԻՊ-ի առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդում

21-11-2018 10:21:56   | Հայաստան  |  Իրավունք
 

 
Խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում այսօր քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորմանն առնչվող արդիական խնդիրներ:  
Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել պայմանական վաղաժամկետ ազատման նոր ընթացակարգին առնչվող այնպիսի հիմնարար խնդիրներ, ինչպիսիք են՝ Պրոբացիայի ծառայության և Քրեակատարողական ծառայության զեկույցների կամ դրանցից մեկի բացասական լինելու դեպքում դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը, դատապարտյալի՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմում ներկայացնելու կարգի, պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննարկելիս իր իրավունքների, ինչպես նաև հարցը դատարան ներկայացնելուն գրավոր համաձայնություն տալու կամ չտալու իրավական հետևանքների մասին պատշաճ իրազեկվածության գործնական երաշխավորումը: Բացի այդ, ընդգծվել է, որ առկա են Պրոբացիայի պետական ծառայության կողմից զեկույցների կազմման օրենսդրական, մեթոդաբանական և կազմակերպական, այդ թվում՝ նյութատեխնիկական համալիր միջոցառումների ապահովման հետ կապված խնդիրներ:
 
Միջոցառման ընթացքում արձանագրվել է, որ խնդրահարույց են օրենսդրական կարգավորումները պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, գործող կարգավորումների պայմաններում դատապարտյալի կամ կալանավորված անձի նկատմամբ կիրառվում է պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց, և անձը մեխանիկորեն՝ անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով զրկվում է արտաքին աշխարհի հետ կապի միջոցներից: Արդյունքում, տույժի այդ միջոցն ունենում է լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում, ու չի գնահատվում ազատությունից զրկված անձի վարքագծի ռիսկայնությունը: Ավելին, առանձին դեպքերում չի բացառվում նաև կատարած արարքի և կիրառվող սահմանափակման միջև անհամաչափությունը: Խորհրդի նիստում նշվել է, որ անհատական դիմումների քննարկման և Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունքների հաշվառմամբ՝ Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քրեակատարողական օրենսդրության համապատասխան կարգավորումների սահմանադրականության հարցը: 
Բարձրացվել են նաև հոգեբուժական կազմակերպություններում ոչ հոժարակամ կամ հարկադիր բուժման հետ կապված օրենսդրական և պրակտիկ խնդիրներ: Դրանք համակարգային բնույթի խնդիրներ են: Այսպես, գործնականում չի ապահովվում հոսպիտալացման և բուժման վերաբերյալ անձի իրազեկված համաձայնությունը: Պաշտպանի գործունեության արդյունքում վեր են հանվել առանց իրավական հիմքերի անձանց հոգեբուժական հիվանդանոցում պահելու, ինչպես նաև հարկադիր կամ ոչ հոժարակամ բուժման՝ օրենքով սահմանված ընթացակարգերի և դրանց ժամկետների չպահպանման դեպքեր: Ներկայացվել են նաև համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերն ու մոտեցումները: 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 436 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար